Բավ է պառակտվել
13-02-2023 19:00

Արցախում կընդլայնվի կտրոններով տրամադրվող առաջին անհրաժեշտության ապրանքների ցանկը

Փետրվարի 21-ից նախատեսվում է ընդլայնել Արցախում կտրոններով տրամադրվող առաջին անհրաժեշտության ապրանքների ցանկը։ Այս մասին երկուշաբթի օրը պետական ​​մարմինների ղեկավար կազմի մասնակցությամբ պետնախարար Ռուբեն Վարդանյանի հետ հանդիպմանը հայտարարել է Սոցիալական զարգացման և միգրացիայի նախարար Արմեն Մանգասարյանը։

Նշվել է, որ ներկայումս այդ ուղղությամբ կազմակերպչական և տեխնիկական աշխատանքներ են իրականացվում:

Այս համատեքստում պետնախարար Ռուբեն Վարդանյանը հանձնարարել է ամփոփել մեկ ամսվա ընթացքում կտրոնային համակարգի ներդրման հետ կապված իրավիճակը՝ համապատասխան վերլուծություններ կատարելու և, անհրաժեշտության դեպքում, գործընթացում շտկումներ անելու համար:
Տեղեկություններ են ներկայացվել նաև շրջափակման տնտեսական և սոցիալական հետևանքների մեղմմանն ուղղված աջակցության միջոցառումների ընթացքի վերաբերյալ: Նշվել է, որ սոցիալական աջակցության ծրագրերը շուտով կմեկնարկեն, ինչ վերաբերում է տնտեսական աջակցության ծրագրին, ապա դիմումների ընդունման գործընթացն արդեն սկսվել է: Զուգահեռաբար աշխատանքներ են իրականացվում նաև շրջափակման հետևանքների մեղմմանն ուղղված հաջորդ փուլի միջոցառումների մշակման ուղղությամբ:
Անդրադարձել է եղել նաև գարնան գյուղատնտեսական աշխատանքների նախապատրաստման հարցերին: Գյուղատնտեսության նախարար Հրանտ Սաֆարյանը տեղեկություններ է ներկայացրել սերմացուի և դիզվառելիքի ապահովման ուղղությամբ ձեռնարկվող աշխատանքների մասին:
Խորհրդակցության ընթացքում քննարկվել են նաև կրթության, առողջապահության, ենթակառուցվածքների և մի շարք այլ ոլորտներին վերաբերող հրատապ հարցեր:
Պետնախարարը նշել է, որ Ադրբեջանի կողմից Արցախի շրջափակումը, որը շարունակվում է ավելի քան երկու ամիս, լուրջ հետևանքներ ունի ինչպես տնտեսության, այնպես էլ հասարակական կյանքի մյուս բոլոր ոլորտների համար։

«Չնայած խորքային մարտահրավերներին, հասարակությունը ադեկվատ է արձագանքում դրանց։ Մենք անընդհատ շփվում ենք բնակչության տարբեր խմբերի հետ, իսկապես Արցախում մեծ ուժ կա, որը դրսից չի երևում։ Մեզ այս ներքին ուժն է պետք, որպեսզի միասին հաղթահարենք դժվարությունները։ Շատ աշխատանք կա անելու։ Մեր սկսած գործն ավելի ակտիվ շարունակվելու է։ Վստահ եմ, որ մեր առջև ծառացած բոլոր խնդիրները կարող են լուծվել»,- ասել է պետնախարարը։