Բավ է պառակտվել
29-03-2022 10:45

Արցախում Փառուխի հարակից հատվածում իրադրությունը շարունակում է լարված մնալ, հայկական ուժերն ամրացնում են դիրքերը․ Տեղակատվական շտաբ

Մարտի 28-29-ի լույս գիշերը՝ մինչև առավոտյան ժամը 10:00-ն, Արցախի առաջնագծի երկայնքով հրադադարի էական խախտումներ չեն արձանագրվել և օպերատիվ-մարտավարական իրադրությունը մնացել է լարված՝ մարման որոշակի դրական միտմամբ: Այս մասին հայտնում է Արցախի Տեղեկատվական շտաբը։
«Ադրբեջանական զորքերը շարունակում են մնալ Քարագլխի՝ Փառուխին հարակից հատվածում ամրացված նույն հենակետերում: Իսկ Արցախի զինված ուժերը շարունակում են պաշտպանական դիրքերի ամրացման ու թշնամու զսպման լրացուցիչ միջոցառումների կատարումը»,- ասվում է հաղորդագրության մեջ։:
Նշվում է, որ շարունակական աշխատանքներ են տարվում ռուս խաղաղապահ զորակազմի հրամանատարության հետ՝ նպատակաուղղված ադրբեջանական հնարավոր սադրանքների կանխմանը և ադրբեջանական զինված ուժերին իրենց ելման դիրքեր վերադարձնելուն:
«Արցախի պատկան մարմինները բոլոր հնարավոր մեխանիզմներով հետևում են իրադրությանն ու ադրբեջանական կողմի գործողություններին, և, ըստ կարիքի, լրացուցիչ հրապարակումներով կտեղեկացնեն իրավիճակի զարգացումների վերաբերյալ»,- հայտնում է Տեղեկատվական շտաբը։

Լարվածության սրացում Արցախում

Մարտի 24-ին ադրբեջանական ԶՈւ ստորաբաժանումները ներխուժել են Արցախում ՌԴ խաղաղապահ զորակազմի պատասխանատվության գոտի, վերահսկողության տակ վերցնելով Ասկերանի շրջանի Փառուխ գյուղն ու հարակից դիրքերը, ապա փորձել են առաջխաղացում ապահովել Արցախի Հանրապետության արևելյան սահմանագոտում։

Մարտի 25-ի գիշերը ադրբեջանական ստորաբաժանումները կրակ են բացել ՊԲ դիրքերի ուղղությամբ, կիրառելով նաև հարվածային անօդաչու թռչող սարք։ Մարտի 26-ին հակառակորդն Արցախի արևելյան սահմաններում առաջխաղացման նոր փորձ է ձեռնարկել. Հակառակորդը կրել է մեծ կորուստներ, հայկական կողմն ունի երեք զոհ և 15 վիրավոր։