Բավ է պառակտվել
10-01-2023 12:57

Հովհարային անջատումներ Արցախում։ Ադրբեջանը խոչընդոտում է էլեկտրահաղորդման գծի վթարի հետևանքների վերացմանը․ «Արցախէներգո»

Էներգամատակարարման ընդհատումների պատճառը Արցախը Հայաստանից սնուցող միակ բարձրավոլտ գծի վթարն է, սակայն ադրբեջանական կողմը խոչընդոտում է վերականգնման աշխատանքները, հայտնում է «Արցախէներգո» ՓԲԸ-ն։

«Հունվարի 9-ին` ժամը 14։35-ին, Գորիս-Ստեփանակերտ 110 կՎ Արցախը Հայաստանից սնուցող միակ բարձրավոլտ գծի 33-րդ կմ-ում արձանագրվել է վթար։ Ըստ սարքավորումներով արձանագրված տվյալների` վթարը գտնվում է Աղավնո-Բերձոր հատվածում»,- ասվում է հաղորդագրության մեջ։

Միևնույն ժամանակ, ընկերությունից հայտնել են, որ Ադրբեջանական կողմի ապակառուցողական դիրքորոշման պատճառով նշված հատվածում այս պահի դրությամբ հնարավոր չէ իրականացնել շրջայց և կազմակերպել վթարավերականգնողական աշխատանքներ, ուստի որոշում է կայացվել հանրապետության էլեկտրամատակարարումը իրականացնել տեղական արտադրող կայանների միջոցով՝ համապատասխան սահմանափակումներով։

«Ելնելով տվյալ իրավիճակից` Հանրապետությունում հունվարի 10-ից իրականացվում են հովհարային անջատումներ, որոնց մասին պարբերաբար կարող եք տեղեկանալ «Արցախէներգո» ՓԲԸ կայքից և ֆեյսբուքյան էջից, ինչպես նաև հանրային հեռուստատեսության և ռադիոյի հայտարարություններից»,- ասվում է հաղորդագրությունում։
Հավանական լրացուցիչ անջատումներից խուսափելու նպատակով ընկերությունը կոչ է անում հնարավորինս խնայողաբար օգտագործել էլեկտրաէներգիան։