Բավ է պառակտվել
01-11-2018 13:16

Ղարաբաղյան կարգավորման գործընթացում տեղաշարժեր են նկատվում․Կոմերսանտ

 

Ղարաբաղյան հակամարտության կարգավորման ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներն աշխատանքային այցով գտնվում են Անդրկովկասում։ Նրանք արդեն եղել են Երևանում և Ստեփանակերտում, իսկ այսօր կայցելեն Բաքու։ Ռուսաստանի Դաշնության, Ֆրանսիայի և ԱՄՆ ներկայացուցիչներից բաղկացած առաքելությունը կոչված է ակտիվացնել Ղարաբաղի շուրջ բանակցություններն այս տարվա մայիսին Հայաստանում իշխանափոխությունից հետո։ Այցը տեղի է ունենում Հայաստանի և Ստեփանակերտի ավելի հաստատակամ կոչերի ֆոնին `ընդլայնել խաղաղ բանակցությունների ձևաչափը` ներառելով չճանաչված Լեռնային Ղարաբաղը, գրում է «Կոմերսանտ» ռուսական պարբերականը:

Պարբերականը գրում է, որ չնայած ղարաբաղյան կարգավորման հարցում առաջընթացի բացակայությանը, միջազգային միջնորդներն, ովքեր ավելի հաճախակի են սկսել տարածաշրջան այցելել, չեն հրաժարվել բանակցային գործընթացը “մեռած կետից” շարժելու փորձից: Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելի Անդրկովկաս կատարած այցից հետո իրավիճակը տարածաշրջանում քննարկվել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի ազգային անվտանգության հարցերով խորհրդական Ջոն Բոլթոնի հետ Մոսկվայում կայացած բանակցությունների ընթացքում։ Ռուսաստանի մայրաքաղաք այցելելուց անմիջապես հետո պարոն Բոլթոնը շրջել է Հարավային Կովկասում, որտեղ նա անսպասելի ենթադրություն է արել․ կառավարության ղեկավարի ներկայիս պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանի վարչապետ ընտրվելուց հետո վերջինս ավելի վճռական քայլերի քարտ-բլանշ կստանա Բաքվի հետ բանակցություններում։ Ավելի վաղ նմանատիպ բովանդակության հայտարարություն էր արել նաև Հայաստանում իր գործուղումն ավարտող ԱՄՆ դեսպան Ռիչարդ Միլզը։

Մինչդեռ ԱՄՆ վարչակազմի ներկայացուցչի ենթադրությունն անձամբ պրն. Փաշինյանի մոտ խանդավառություն չի առաջացրել: “Ջոն Բոլթոնը խոսում է իր անունից: Ոչ Բոլթոնը, ոչ ընդհանրապես որևէ մեկը չի կարող խոսել իմ անունից” , - սաստել է Նիկոլ Փաշինյանն ամերիկացի հյուրին: Նա հավելել է, որ “չի կարող լինել որևէ որոշում, որն անդունելի լինի Հայաստանի և Արցախի ժողովուրդների և Արցախի իշխանությունների համար”։ Բաքվի համար անընդունելի՝ հինավուրց Մեծ Հայքի նահանգի մասին հիշեցնող պատմական անվանումն օգտագործելով Հայաստանի նախագահը մեկ անգամ ևս ցույց է տվել, որ ղարաբաղյան հարցում ավելի արմատական դիրք է զբաղեցնում, քան նախորդները, - նշվում է “Կոմերսանտի” հոդվածում:

Պարբերականը նաև նշել է Փաշինյանի ծայրահեղ կոշտ ելույթը Նյու-Յորքում ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի 73-րդ նստաշրջանում. “Ադրբեջանը պետք է բանակցի Լեռնային Ղարաբաղի հետ, այլապես Բաքվին անհրաժեշտ են միայն տարածքներն, այլ ոչ թե Ղարաբաղի ժողովուրդը”, - ասել է Նիկոլ Փաշինյանը, միջազգային համայնքին տեղեկացնելով “ադրբեջանական իշխանությունների՝ Ղարաբաղը հայերից մաքրելու մտադրության մասին”: “Ղարաբաղը չպետք է լինի Ադրբեջանի կազմում, եթե ոչ ոք չի ցանկանում թույլ տալ հայ ժողովրդի նոր ցեղասպանություն”, - ասել է Փաշինյանն իր ելույթում:

Հայաստանի ԱԳՆ մամլո խոսնակ Աննա Նաղդալյանն ասել է երեկ “Ъ” պարբերականին հետևյալը․”Կառավարության ծրագրում հստակ ամրագրված է, որ Արցախը, որպես հակամարտության հիմնական կողմ, պետք է որոշակի ձայն և ներգրավվածություն ունենա կարգավորման գործընթացում: Հայկական կողմի գործողությունները ուղղված են այդ տրամաբանության շրջանակներում խաղաղ գործընթացի շարունակմանը”։

Ստեփանակերտը հայ-ադրբեջանական բանակցություններում ներգրավելու հարցն օրակարգից դուրս է եկել դեռևս ԵԱՀԿ-ի հովանու ներքո 1992 թվականից սկսած բանակցային գործընթացի նախնական փուլում: Դա տեղի ունեցել, ինքնորոշված Լեռնային Ղարաբաղի Հանրապետության ներկայացուցիչների կարգավիճակը որոշելու անհնարինության հետևանքով: Արդյունքում, Լեռնային Ղարաբաղի շուրջ բանակցային գործընթացի բոլոր առանցքային փուլերն անցնում են առանց Ստեփանակերտի:

Հաշվի առնելով Հայաստանի ղեկավարության կոշտ հայտարարությունները և Վաշինգտոնի ու Երևանի միջև թյուրըմբռնումները՝ Հայաստանի մայրաքաղաքում Ջոն Բոլթոնին փախարինած ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներ Իգոր Պոպովը (Ռուսաստան), Ստեֆան Վիսկոնտին (Ֆրանսիա), Էնդրյու Շոֆերը (ԱՄՆ) և ԵԱՀԿ նախագահի անձնական ներկայացուցիչ Անդրեյ Կասպշիկը ստիպված են եղել ”հրշեջ թիմի” դեր կատարել, փորձելով կանխել դիվանագիտական հակամարտության խորացումը և ղարաբաղյան հակամարտության կարգավորման առաջընթացի առնվազն տպավորություն ստեղծել։

Մեկնաբանելով ամերիկացի գործընկերների վերջին հայտարարությունները, Երևանում ԵՄ դեսպան Պյոտր Սվիտալսկին շտապել է հավաստիացնել հայկական կողմին, որ Երևանի վրա որևէ արտաքին ճնշում չի լինի Ղարաբաղի շուրջ որոշում կայացնելու հարցում: «ԵՄ-ն աջակցում է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների ջանքերին: Հակամարտության լուծումը պետք է գտնեն կողմերը: Ոչ ոք չի կարող պարտադրել այն: Մենք չենք կորցնում լավատեսությունը, և հավատում ենք, որ մի օր կգտնվի լուծում”, -հայտարարել է պարոն Սվիտալսկին:

Հաշտեցնող հայտարարությամբ հանդես է եկել նաև հայկական կողմը: «Փաշինյանը ողջունել է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների այցը Հայաստան և ընդգծել է Մինսկի խմբի դերը՝ որպես հակամարտության կարգավորման միջազգային մանդատ ունեցող միակ ձևաչափ”, - ասվել է ՀՀ կառավարության մամլո ծառայության հայտարարության մեջ:

Երկուշաբթի Երևանում կայացած հանդիպումներից և բանակցություններից հետո ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներն այցելել են Լեռնային Ղարաբաղ: Ինչպես “Կոմերսանտ”-ին ասել է չճանաչված հանրապետության նախագահի մամլո խոսնակ Դավիթ Բաբայանը՝ հոկտեմբերի 30-ին Մինսկի խմբի համանախագահները հանդիպել են նախագահ Բակո Սահակյանի, արտաքին գործերի և պաշտպանության նախարարների հետ: “Կոմերսանտ” -ի զրուցակիցը ավելացրել է, որ երեկ միջնորդներն “անցկացրել են ղարաբաղա-ադրբեջանական զորքերի շփման գծի մոնիթորինգ”: Միևնույն ժամանակ, հանդիպումների ընթացքում Բակո Սահակյանը կրկնել է Նիկոլ Փաշինյանի թեզը` բանակցություններին Լեռնային Ղարաբաղի ներկայացուցիչների մասնակցության անհրաժեշտության մասին։

Այնուհանդերձ, ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների կողմից չի հետևել պաշտոնական արձագանք բանակցային ձևաչափի փոփոխության՝ Երեւանի և Ստեփանակերտի առաջարկին: Միջնորդները դիվանագիտորեն խուսափել են հարցից, կարող են արդյոք Լեռնային Ղարաբաղի ներկայացուցիչները, որոնց շարունակում են Բաքվում անվանել “անջատողականներ”, դառնալ բանակցությունների կողմերից մեկը:

ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների նոր այցը, ովքեր չեն կարող ընդունել Ղարաբաղի վերաբերյալ բանակցությունների ձևաչափը փոխելու առաջարկը Բաքվի համար դրա անընդունելիության պատճառով, ևս մեկ անգամ ցույց տվեց, որ այս միջազգային մեխանիզմը շարունակում է անարդյունավետ գործել”, - «Կոմերսանտ» -ի հետ զրույցում ասել է “Քաղաքակրթությունների երկխոսություն” գիտական հետազոտական ինստիտուտի ղեկավար Ալեքսեյ Մալաշենկոն: Նա ավելացրել է. “Նիկոլ Փաշինյանը հասկանում է, որ ղարաբաղյան խնդիրը կմնա անլուծելի, և Երևանը Բաքվի հետ իրական երկխոսություն չի ունենա: Այնպես որ, նա միտումնավոր բարձրացնում է նշաձողը` առնվազն իր դիրքերը հայրենիքում ամրապնդելու համար ”։