Բավ է պառակտվել
28-09-2020 20:40

Մարտակերտում կրակի տակ են ընկել նաև լրատվամիջոցների ներկայացուցիչները․ Արծրուն Հովհաննիսյան

 

Այս պահի դրությամբ արցախաադրբեջանական սահմանի ողջ երկայնքով շարունակվում են մարտական գործողությունները տարբեր ինտենսիվությամբ։ Այս մասին հայտնել է ՀՀ ՊՆ ներկայացուցիչ Արծրուն Հովհաննիսյանը։ Ըստ նրա՝ կիզակետում դեռևս մնում են Արցախի Հանրապետության հյուսիսային և հարավային ուղղությունները։

Հովհաննիսյանն ասաց, որ Արցախի ՊԲ հրապարակել է տեսանյութ, որտեղ հետ է շպրտվում ադրբեջանական հարձակումը հարավային ուղղությամբ՝ կրելով զգալի կորուստներ։

«Տեսանյութում երևում է, թե ինչպես է ադրբեջանական կողմը կորցնում շուրջ 11 միավոր զրահատեխնիկա՝ հիմնականում տանկեր»,– նշել է Հովհաննիսյանը։

Ըստ նրա՝ հրետակոծվել է նաև Մարտակերտը, կրակահերթի տակ են ընկել նաև լրատվամիջոցների ներկայացուցիչները։

Հայկական կողմի վիրավորներից մեծ մասն ունեն թեթև վիրավորումներ, նրանցից մեծ մասն առաջին բուժօգնություն ստանալուց հետո վերադարձել են ծառայության։ Այսինքն՝ վիրավորների թիվը ոչ թե ավելացել, այլ պակասել է:

Հարցին, թե վիրավորներից քանիսն են ծանր վիճակում, նա պատասխանեց. «Ծանր վիրավորների մասով տվյալներ այս պահին չեմ կարող ներկայացնել: Այն մարդկանց, որոնք լրացուցիչ և խորքային բժշկական անհրաժեշտություն են ունեցել, տեղափոխվել են Երևան և հիմնականում մասնագիտացված հիվանդանոցներում ու հոսպիտալներում են շարունակում բուժումը»:

 

 

Արմինե Գևորգյան