Բավ է պառակտվել
05-01-2023 11:50

ՌԴ պաշտպանության նախարարությունը խոսում է Ստեփանակերտ-Գորիս ճանապարհի երթըեկության վերականգնման շուրջ բանակցությունների մասին

Ռուս խաղաղապահների հրամանատարությունը շարունակում է ադրբեջանական և հայկական կողմերի հետ Ստեփանակերտ-Գորիս ճանապարհով ավտոմոբիլային տրանսպորտի անարգել շարժը վերականգնելու շուրջ բանակցային գործընթացը։ Այս մասին հաղորդվում է Ռուսաստանի Դաշնության պաշտպանության նախարարության հունվարի 4-ին հրապարակված տեղեկատվական տեղեկագրում։

Մինչդեռ Արցախի պետնախարար Ռուբեն Վարդանյանը հայտարարել է, որ Լաչինի միջանցքի բացման շուրջ բանակցություններ գործնականում չկան, և սա այն խնդիրներից է, որի շուրջ Ադրբեջանը պահանջներ է ներկայացնում։ «Մենք պատասխանել ենք (Ադրբեջանին) և հայտարարել ենք, որ պատրաստ ենք ընդունելու բնապահպանության ոլորտում համաշխարհային լավագույն փորձագետներին (հանքավայրի մոնիտորինգ իրականացնելու համար), դրա մեջ խնդիր չենք տեսնում, բայց արձագանք չկա: Մենք հիմա մի իրավիճակում ենք, որ բանակցություններ չեն վարվում»,- ասել է նա news.am-ի հետ հարցազրույցում։

Ավելին, խոսելով Բաքվի այլ պահանջների մասին՝ Արցախի պետնախարարն ասել է, որ ադրբեջանական կողմը պահանջում է, որ ճանապարհը (Լաչինի միջանցքը՝ խմբ.) փոխանցվի իրեն վերահսկողության տակ։ «Սակայն 2022 թվականի նոյեմբերի 9-ի փաստաթղթում հստակ գրված է, որ մենք պետք է կարողանանք ազատ տեղաշարժվել ճանապարհով՝ առանց որևէ մեկից թույլտվություն խնդրելու»,- ասել է Վարդանյանը։

Ռուս խաղաղապահների առաքելության առնչությամբ նա նշել է, որ այս պահին Արցախում տեղակայված է 2000 խաղաղապահ՝ խիստ սահմանափակ իրավունքներով, և այս իրավիճակում նրանք անում են, ինչ կարող են։ «Իրականությունն այն է, որ Հայաստանում և Արցախում մարդիկ, ովքեր քննադատում են ռուսական խաղաղապահների ներկայությունն Արցախում, չեն հասկանում, որ դրանով գիտակցաբար կամ ոչ գիտակցաբար օգնում են Ադրբեջանին»,- ընդգծել է պետնախարարը։