Բավ է պառակտվել
15-01-2018 16:19

Մեկ փաստաթղթով ղարաբաղյան հարցը լուծել հնարավոր չէ, անհրաժեշտ է փուլային մոտեցում. Լավրով

Ղարաբաղյան հարցը մեկ փաստաթղթով լուծել հնարավոր չէ, փուլային մոտեցում է անհրաժեշտ: Այս մասին այսօր Մոսկվայում տեղի ունեցած մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել է ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը:
« Մենք վերջին տարիներին ինտենսիվ ջանքեր ենք ձեռնարկել՝ ամփոփելու համար կողմերի բոլոր դիրքորոշումները, փորձելով դրանցից առանձնացնել հակամարտության կարգավորման այս կամ այն ասպեկտի վերաբերյալ համընկնող մոտեցումները, հուշելով այն կոմպրոմիսները, որոնք կարող են կողմերին բերել մեկ հայտարարի այն հարցերում, որոնցում նրանց մոտեցումները չեն համընկնում», - հայտարարել է Սերգեյ Լավրովը:
« Ռուսաստանը չի կարող ղարաբաղյան հակամարտության լուծման վերաբերյալ հստակ ծրագրեր ունենալ, որովհետև խնդիրը լուծել կարող են միայն կողմերը»,- հավելել է նա:
Ռուսաստանի արտաքին գործերի գերատեսչության ղեկավարի խոսքերով Ռուսաստանը Միացյալ Նահանգների և Ֆրանսիայի հետ անում է ամեն բան՝ կարգավորման համար անհրաժեշտ պայմաններ ստեղծելու նպատակով:
«Կողմերը գիտեն, թե ինչ են մտածում համանախագահները, սակայն որոշումը պետք է կայացնեն իրենք: Իհարկե, մենք սպասում ենք, որ դրական ազդակներ կհաջորդեն երկու կողմերից էլ: Մենք ուրախ ենք, որ անցած տարի կայացան նախագահների և ԱԳ նախարարների հանդիպումները: Այնպես որ որոշողը կողմերն են »,- ընդգծել է Լավրովը:

ՌԴ ԱԳՆ ղեկավարի խոսքերով, հիմա կարևոր է հասնել այն բանին, որ շփման գծում ավելի հանգիստ լինի, ինչն էլ կօգնի անցնում կատարել դեպի հակամարտության քաղաքական կարգավորում:

«Այս հիմնախնդիրը մեկ փաստաթղթում մեկընդմիշտ լուծել հնարավոր չէ: Փուլային մոտեցում է անհրաժեշտ, որը կարտացոլի պայմանավորվածությունն այն մասին, ինչը հնարավոր է այժմ և կհստակեցնի աշխատանքի ուղիներն այն հարցերի շուրջ, որոնք կարիք ունեն հավելյալ քննարկումների՝ հանուն վերջնական կարգավորման, ներառյալ Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի հարցը»,-հայտարարել է Լավրովը:
Ավելի վաղ, 2017 թվականի դեկտեմբերին, ՌԴ ԱԳՆ ղեկավարը հայտարարել էր, որ ղարաբաղյան հակամարտության կարգավորման բանակցություններում « լուրջ առաջընթաց» չկա: