«Համերգ հանուն խաղաղության Հայաստանում» ասոցիացիան Ֆրանսիայի Սենատում կազմակերպել էր կոնֆերանս՝ «Հայ ժողովուրդը և իր հողերը վերադառնալու իրավունքը» խորագրով։ Միջոցառման ընթացքում քննարկվել են Լեռնային Ղարաբաղում տիրող իրավիճակը, հայ բնակչությանն աջակցելու հնարավոր ուղիները։
Ֆրանսիա-Հայաստան բարեկամության խմբի անդամ, սենատոր Մարի-Դո Էշլիմանն ընդգծել է, որ համաժողովի նպատակն է ուշադրություն հրավիրել Արցախի ճակատագրի վրա և այն դարձնել քննարկումների կենտրոնական թեմա։
Քննարկմանը մասնակցել է Միջազգային քրեական դատարանի նախկին գլխավոր դատախազ Լուիս Մորենո Օկամպոն։ Համաժողովի հիմնական թեմաները վերաբերում էին Լեռնային Ղարաբաղ հայերի «անվտանգ վերադարձի իրավունքին» և տարածաշրջանի հնարավոր «ճանաչմանը»։ Դիտարկվեցին նաև այն ուղիները, որոնցով Ֆրանսիայի Սենատը կարող էր աջակցել այս նախաձեռնություններին:
Հիշեցնենք, որ անցյալ տարի Ֆրանսիայի Սենատն ընդունել էր 2023 թվականի սեպտեմբերին Լեռնային Ղարաբաղում Ադրբեջանի ռազմական գործողությունը դատապարտող բանաձեւ։ Փաստաթուղթը կոչ է անում համաեվրոպական պատժամիջոցներ սահմանել Ադրբեջանի պաշտոնյաների դեմ և կանխել Հայաստանի դեմ հետագա ագրեսիան՝ ներառյալ նրա պաշտպանունակությունն ուժեղացնելու միջոցները։
2022 թվականի աշնանը Ֆրանսիայի Սենատը նաև հավանություն է տվել Ադրբեջանի դեմ պատժամիջոցներ կիրառելու և 2020 թվականի նոյեմբերի 9-ի հրադադարի համաձայնագրին համապատասխան զորքերը Հայաստանի տարածքից անհապաղ դուրս բերելու մասին բանաձեւին։