Բավ է պառակտվել
26-08-2022 17:40

Ստեփանակերտում քայլերթ և հանրահավաք կանցկացվի Արցախի անկախության օրվա առթիվ

Արցախի Հանրապետության օրվա առիթով Արցախի խորհրդարանի բոլոր հինգ խմբակցությունները հայտարարել են սեպտեմբերի 2-ին մի շարք միջոցառումների կազմակերպման մասին, հայտնել է Արցախի խորհրդարանի մամլո ծառայությունը։
Սեպտեմբերի 2-ին, ժամը 17:30-ին, Ստեփանակերտի Ազատության հրապարակից (Կոլցևոյ) բոլոր քաղաքացիները և մայրաքաղաքի հյուրերը հրավիրվում են քայլերթի, իսկ ժամը 19:00-ին Վերածննդի հրապարակում տեղի կունենա հանրահավաք՝ նվիրված Արցախի Հանրապետության հռչակմանը:
«Արցախի ժողովուրդը հավատարիմ է իր զավակների արյամբ հաստատված, հազարավոր նվիրյալների համառ աշխատանքով ու քրտինքով կերտված ինքնիշխան պետականությանը: Մասնակցելով երթ-հանրահավաքին, մենք միանում ենք ազատության համար շարունակվող պայքարին՝ աշխարհին ի ցույց դնելով մեր միասնականությունը և մեր իրավունքներին տեր կանգնելու կամքն ու վճռականությունը: Անկախ Արցախը՝ հայկական Արցախ ունենալու հիմնական երաշխիքն է»,- ասվում է հաղորդագրության մեջ:
Հիշեցնենք, որ «Դիմադրության շարժումը» հայտարարել էր սեպտեմբերի 2-ին Երևանում համահայկական հանրահավաք անցկացնելու մասին՝ Արցախի անկախության տոնի առթիվ։
1991 թվականի սեպտեմբերի 2-ին Լեռնային Ղարաբաղի Ինքնավար Մարզի և Շահումյանի շրջանի բոլոր մակարդակների պատգամավորների համատեղ նիստում հռչակվեց Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը՝ որով հիմք դրվեց անկախ ժողովրդավարական պետության ստեղծմանը։ 1991 թվականի սեպտեմբերի 2-ի Հանրապետության հռչակման հռչակագրի ընդունումը դարձավ արցախահայության ազգային-ազատագրական պայքարի առանցքային իրադարձություններից մեկը, որի հիմքում էր ժողովրդի ինքնորոշման, պատմական արդարության վերականգնման և մեկ հայկական պետության շրջանակներում վերամիավորվելու ցանկությունն ֆիզիկական ոչնչացման մշտական ​​սպառնալիքից ազատվելու նպատակով։