Բավ է պառակտվել
13-08-2021 16:08

Ջրի հետ կապված աննախադեպ իրավիճակ Ստեփանակերտում․ շահագործվում են ԽՍՀՄ-ից մնացած արտեզյան հորերը

Արցախի Հանրապետության մայրաքաղաք Ստեփանակերտում երաշտի պատճառով ստեղծվել է արտակարգ իրավիճակ, քաղաքի 30 տոկոսը ջուր չունի։ Արցախի արտակարգ իրավիճակների պետական ծառայությունը «Ջրմուղ-կոյուղու» հետ ստեղծել են միասնական աշխատանքային խումբ և 5 մեքենաներով թաղամասերում շուրջօրյա ջուր են մատակարարում բնակիչներին:

Ինչպես տեղեկացնում է «Ջրմուղ-կոյուղի» ընկերության տնօրեն Գագիկ Պողոսյանը վերջին 40 օրը Ստեփանակերտում անձրևներ չեն տեղացել, իսկ օդի ջերմաստիճանը 30 աստիճանից չի իջել:

«Բացի դրանից, Ստեփանակերտ քաղաքում 10-15 հազար տեղահանված բնակիչ է ապրում: Այսինքն` եթե մինչև պատերազմը Ստեփանակերտում ապրում էր 60-61 հազար բնակիչ, այս պահին ապրում է 75 հազար մարդ: Բնականաբար, ջրի ծախսը ավելացել է, և քաղաքը սնուցող ջրերն էլ պակասել են: Դրանից առաջացել է այս քաոսային վիճակը: Այս պահի դրությամբ քաղաքի 30 տոկոսը ջուր չունի: Աշխատում ենք մնացած 70 տոկոսը պահենք, որ դա էլ չնվազի: Քաղաքում 5 մեքենաներով շուրջօրյա ջուր ենք բաժանում բնակիչներին այն թաղամասերում, որտեղ ջուր չկա: Արդեն շահագործել ենք Խորհրդային Միությունից մնացած երկու արտեզյան հորերը: Շարունակում ենք գտնել ու շահագործել մնացածը»,- ասել է Պողոսյանը:

Պողոսյանի խոսքով` իրավիճակն աննախադեպ է, օգոստոսի 7-ից մինչև այժմ ջրի խնդրի առաջ են կանգնած: «Սպասում ենք տեղումների»,- հավելել է Պողոսյանը:

Պողոսյանը բացասական պատասխան է տվել հարցին` թե արդյոք ճի՞շտ է այն վարկածը, որ Ադրբեջանը կարող է մասնակից լինել ջրի խնդրի առաջացմանը։

«Արմենպրես»-ի հետ զրույցում Արցախի արտակարգ իրավիճակների պետական ծառայության հասարակայնության հետ կապերի բաժնի սպա Հունան Թադևոսյանն նշել է, որ փրկարարները վաղ առավոտից մինչև ուշ գիշեր մայրաքաղաքի տարբեր թաղամասերում ջուր են բաժանում բնակիչներին: «Հրշեջ մեքենաները թաղամաս առ թաղամաս ջուր են բաժանում բնակիչներին, հատկապես բազմաբնակարան շենքերի բնակիչներին»,- ասել է Թադևոսյանը:

Նրա խոսքով` իրավիճակն աննախադեպ է. նախկինում էլ եղել են ջրի հետ կապված խնդիր, սակայն նման երկար ժամանակով առաջին անգամ է: «Փրկարարները շարունակելու են իրենց աշխատանքները մինչև խնդիրը լուծում չստանա»,- եզրափակել է Թադևոսյանը:

Ստեփանակերտի բնակչությունը ջուր է ստանում Մեղրագետ, Հրագետ և Վարարակ
գետերից: Գետերից երկուսում ջուրը նվազել է գրեթե կրկնակի, իսկ երրորդն ընդհանրապես ցամաքել է: Քաղաքապետ Դավիթ Սարգսյանը որոշում էր կայացրել դադարեցնել
Ստեփանակերտում գործող բոլոր ավտոլվացման կետերի և հանգստի գոտիների ջրօգտագործումը՝ մինչև քաղաքը սնուցող զտիչ կայաններում ջրի պաշարների վերականգնումը:

Օգոստոսի 9-ին Արցախի անվտանգության խորհրդի քարտուղար Վիտալի Բալասանյանն աշխատանքային խորհրդակցություն է անցկացրել Ստեփանակերտում խմելու ջրի մատակարարման առկա խնդիրների թեմայով։ Ինչպես տեղեկացրել են կառավարությունից, իրավիճակային միջոցառումներ են ձեռնարկվում քաղաքի բնակչությանը որոշակի ժամանակացույցով ջուր մատակարարելու համար, միաժամանակ աշխատանքներ են ընթանում արտեզյան ջրհորների գործող ցանցի թողունակության աստիճանի բարձրացման ուղղությամբ: