Բավ է պառակտվել
10-12-2022 16:55

Վարդանյանը մեկնաբանել է հայտարարությունները, թե իր նշանակումն ակտիվացրել է Ադրբեջանի սադրանքները

Արցախի պետ​​նախարար Ռուբեն Վարդանյանն Արցախի Հանրային հեռուստաընկերությանը տված հարցազրույցում մեկնաբանել է հայտարարությունները, թե իր նշանակումն ակտիվացրել է Ադրբեջանի սադրանքները։

«Գիտեք, իմ անունը հաճախ է շոշափվում ադրբեջանական մամուլում, և նույնիսկ նախագահն է այն հիշատակել։ Բայց ես վստահ եմ, որ սա 2020 թվականի պատերազմից հետո որդեգրված ռազմավարություն է, քանի որ Ադրբեջանը, որպես պետություն, ամեն ինչ անում է, որ այստեղ շատ քիչ մարդ ապրի, որ չհավատան ապագային, հաջողությանը և հեռանան: Այս տեսանկյունից և՛ Բերձորի դեպքերը, և՛ մյուս դեպքերը ցույց են տալիս, որ դա կապված չէ Ռուբենի հետ։ Բայց հենց սա իմ այստեղ գալու պատճառներից մեկն»,- ասել է Վարդանյանը։

Նրա խոսքով, ինքը համարել է, որ այս սադրանքներին ու այս մոտեցմանը կարելի է հակազդել միայն համախմբմամբ թե՛ Արցախում, թե դրա սահմաններից դուրս։

«Պետք է պատրաստ լինենք, որ սա չի ավարտվի։ Սա Հայրենական պատերազմ է, որը դեռ չի ավարտվել։ Ամեն օր զոհեր ու ռազմական գործողություններ չկան, սակայն ունենք իրավիճակ, երբ պետք է զգաստ լինենք և ամբողջ ձմեռ տարբեր դժվարությունների դիմակայենք. Ես այստեղ և իմ ընկերներն այստեղ ենք, որ մեր օրինակով ցույց տանք՝ այստեղից դուրս չենք գալու: Մենք մեկ ճանապարհ ենք տեսնում Ադրբեջանի հետ հարաբերությունների՝ եթե իրենք ընդունեն, որ Արցախն Ադրբեջանից անկախ երկիր է լինելու: Մենք պետք է գտնենք բանաձև կողք կողքի, բայց առանձին ապրելու»,- ասել է Վարդանյանը:

Նա նաև ասել է, որ Լաչինի միջանցքի փակումը սպասելի էր։ Իսկ իր նշանակումը և Արցախում հանրահավաքն ի պաշտպանություն հանրապետության պետականության, անսպասելի էին ադրբեջանցիների համար։

«Սա նորմալ է, մենք չպետք է նրանց վրա ուշադրություն դարձնենք և անենք այն, ինչ ճիշտ ենք համարում Արցախի համար, խաղաղություն չկա, մենք ամենօրյա պայքարի պետք է պատրաստ լինենք»,- ասել է Վարդանյանը։

Նա նաև նշել է, որ ստեղծված իրավիճակից ելնելով ամեն ինչի մասին հրապարակավ խոսել հնարավոր չէ, բայց Արցախի շահերը պաշտպանելու համար արվում է ամեն ինչ։