Բավ է պառակտվել
06-02-2023 23:19

Վարդանյանը եվրոպական պարբերականներին տված հարցազրույցում Արցախի հարցում ԵՄ անգործությունը կապել է Ադրբեջանից նավթի և գազի մատակարարման հետ

ԵՄ-ի խոսքերին գործողությունները չեն հաջորդում, քանի որ Ադրբեջանը միությանը նավթ ու գազ է մատակարարում շատ շահավետ պայմաններով։ Այս մասին իսպանական EL PAIS-ին և իտալական La Nuova Bussola Quotidiana-ին տված հարցազրույցում ասել է Արցախի պետնախարար Ռուբեն Վարդանյանը։

«ԵՄ-ի դեպքում խնդիրն այն է, որ խոսքերին չեն հետևում գործողությունները, հավանաբար այն պատճառով, որ Ադրբեջանն այս ուղղությամբ նավթ և գազ է մատակարարում շատ շահավետ պայմաններով», - ասել է նա՝ ի պատասխան ԵՄ-ի գործողությունների և Եվրախորհրդի՝ շրջափակումը դատապարտող բանաձևի մասին հարցին։

Պետնախարարն ընդգծել է, որ Ադրբեջանի նպատակն է շրջափակումն օգտագործելով ստիպել մարդկանց անցնել իր վերահսկողության տակ, ինչը նշանակում է բռնի վտարում և էթնիկ զտում։

«Եվրոպական հասարակությունը պետք է ստիպի իր իշխանություններին պատժամիջոցներ կիրառել Բաքվի դեմ»,- ասել է նա։

Վարդանյանն ասել է, որ պատրաստ է գնալ երկու կողմերի համար ընդունելի երկխոսության՝ նշելով, որ արցախահայությունը երբեք չի ընդունի Բաքվի իշխանությունը։

«Մենք չենք ցանկանում ենթարկվել էթնիկ զտումների, որոնց զոհ են դարձել խորհրդային տարիներին Ադրբեջանում բնակվող հայկական համայնքների բնակիչները։ Մենք ժողովրդավարական հանրապետություն ենք և չենք կարող լինել բռնապետական ​​պետության մաս, որը չի հարգում անգամ սեփական ժողովրդին»,- ասել է նա։