Բավ է պառակտվել
13-12-2022 19:02

Վարդանյանը հայտարարել է Արցախում խաղաղապահների կոնտինգենտի ավելացման անհրաժեշտության մասին

Արցախի պետնախարար Ռուբեն Վարդանյանը հայտարարել է խաղաղապահների կոնտինգենտի ավելացման և նրանց մանդատի ընդլայնման անհրաժեշտության մասին։

«Անհրաժեշտ եմ համարում ավելացնել խաղաղապահների կոնտինգենտը և ընդլայնել նրանց մանդատը։ Բայց, իհարկե, առաջին հերթին մենք պետք է հույսներս դնենք միայն մեզ վրա, Ադրբեջանը ձգտում է մեզ ճնշել, թուլացնել և զրկել հույսից։ Թող իմանան, որ մեզ չի կարելի կոտրել։ Սա մեր պետությունն է, մեր հայրենիքը, և մենք այստեղից չենք հեռանալու»,- գրել է Վարդանյանը տելեգրամյան իր ալիքում։

Նա հիշեցրել է, որ 2022 թվականի դեկտեմբերի 12-ին Ադրբեջանը հերթական անգամ փակել է Լաչինի միջանցքը՝ Լեռնային Ղարաբաղը Հայաստանի և արտաքին աշխարհի հետ կապող միակ ճանապարհը։

«Ավելի քան 120.000 արցախցիների կյանքը, որոնցից 30.000-ը երեխաներ են, կրկին վտանգի տակ է։ Արցախը հումանիտար աղետի շեմին է։ Բայց Արցախին կոտրել հնարավոր չէ։ Ադրբեջանը չի թաքցնում, որ իր վերջնական նպատակը արցախահայության էթնիկ զտումն է կամ ամբողջական ոչնչացումը։ Ստեղծված իրավիճակը ևս մեկ անգամ ցույց է տալիս, որ Ադրբեջանի կազմում Արցախի և Արցախի ժողովրդի անվտանգության երաշխիքներ չկան։ Կա միայն Բաքվի կողմից ագրեսիայի սպառնալիք և պատրվակ՝ շարունակելու 2020 թվականի պատերազմը»,- գրել է Վարդանյանը։

Նա նշել է, որ, ըստ էության, երեկվանից Արցախը լիակատար շրջափակման մեջ է, ինչպես 1941 թվականի ձմռանը Լենինգրադը։ Այս կրիտիկական իրավիճակում չափազանց կարևոր է չկորցնել զգոնությունը, լինել կարգապահ և կազմակերպված։

«Ոչ մի խուճապ: Մի՛ հավատացեք կեղծիքներին և ապատեղեկատվությանը, որոնք թշնամին տարածում է Արցախի ժողովրդի ամուր կամքը կոտրելու համար։ Մի՛ տրվեք ասեկոսեներին և խուճապային տրամադրություններին, մի՛ արեք չմտածված գործողություններ։ Վստահեցնում եմ, որ կառավարությունն անում է ամեն ինչ՝ իրավիճակը շուտափույթ կարգավորելու համար։ Արցախի իշխանություններն ու պատասխանատու կառույցները մշտական կապի մեջ են ռուսական խաղաղապահ ուժերի հրամանատարության հետ»,- գրել է Վարդանյանը։

Նա նշել է, որ իր ղեկավարությամբ կառավարությունում գործում է շուրջօրյա օպերատիվ շտաբ։

«Մենք վառելիքի և սննդի բավարար պաշար ունենք։ Ներկայումս դեղերի և առաջին անհրաժեշտության ապրանքների պակաս չկա։ Մենք անում ենք հնարավորը՝ բացառելու հումանիտար ճգնաժամը և ձեզ կտրամադրենք ճշմարիտ, արդի տեղեկատվություն զարգացումների և ի հայտ եկած խնդիրների վերաբերյալ: Իրավիճակի զարգացման մասին Արցախի օպերատիվ շտաբը պարբերաբար կտեղեկացնի»,- գրել է Վարդանյանը։

Նա դիմել է նաև միջազգային գործընկերներին.

«Հումանիտար աղետը կանխելու համար ձեր միանշանակ աջակցության կարիքն ունենք։ Ադրբեջանի գործողությունները ոչ միայն նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության կոպտագույն խախտում են, այլեւ ուղղակի ահաբեկչություն։ Համաշխարհային հանրությունը պետք է վճռականորեն դատապարտի Ադրբեջանի կողմից իր բոլոր միջազգային պարտավորությունների խախտումը։
Լաչինի միջանցքում սադրանքի նպատակներից մեկն էլ ռուս խաղաղապահներին վարկաբեկելն է։ Ադրբեջանն անում է ամեն ինչ ռուսական խաղաղապահ ուժերի առաքելությունը վաղաժամկետ դադարեցնելու համար, որը կոչված է ապահովելու Արցախի ժողովրդի անվտանգությունը»,- գրել է Վարդանյանը։