Բավ է պառակտվել
24-06-2021 08:06

ՄԱԿ-ի Գերագույն հանձնակատարը կարող է միանալ փախստականներին ԼՂ և հարակից շրջաններ վերադարձնելու գործընթացին․ Զախարովա

ՄԱԿ-ի փախստականների հարցերով գերագույն հանձնակատարը կարող է միանալ փախստականների և ներքին տեղահանվածների՝ Լեռնային Ղարաբաղ և հարակից շրջաններ վերադարձնելու գործընթացին: Այդ մասին չորեքշաբթի ճեպազրույցի ժամանակ ասաց ՌԴ ԱԳՆ խոսնակ Մարիա Զախարովան:

Նա նշեց, որ ՄԱԿ-ի փախստականների հարցերով գերագույն հանձնակատար Ֆիլիպո Գրանդին հունիսի 28-ին կայցելի Մոսկվա, որտեղ հանդիպում կունենա Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովի հետ:

«Հանդիպման ընթացքում կքննարկվի հարցերի լայն շրջանակ փախստականների և ներքին տեղահանված անձանց և քաղաքացիություն չունեցող անձանց միջազգային պաշտպանության վերաբերյալ, այդ թվում` կորոնավիրուսի համատեքստում: Ուշադրության կենտրոնում կլինեն ՓՄԿ-ի հնարավոր ներգրավվածության թեմաները Լեռնային Ղարաբաղ և հարակից շրջաններ փախստականների և ներքին տեղահանված անձանց վերադարձն ապահովելու գործընթացում, միջազգային հանրության ջանքերի մոբիլիզացիան Սիրիայի քաղաքացիների հայրենադարձության և Դոնբասից փախստականներին և տեղահանվածներին օգնություն ցուցաբերելու հարցերում», - ասաց Զախարովան:

Նա նշեց, որ Ռուսաստանը ՄԱԿ-ի փախստականների հարցերով գերագույն հանձնակատարի գրասենյակը դիտարկում է որպես փախստականներին և ներքին տեղահանվածներին օգնելու ՄԱԿ-ի արդյունավետ գործակալություն: Ընդհանուր առմամբ, նրանց պատասխանատվության ոլորտն ընդգրկում է շուրջ 83 միլիոն մարդ:

Ավելի վաղ Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովն առաջարկել էր առայժմ շեշտը դնել ոչ թե Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի խնդրի, այլ «տարածաշրջանում խաղաղ կյանքին վերադառնալու» վրա, որպեսզի «հայերն ու ադրբեջանցիները նորից սկսեն միասին ապրել անվտանգության և տնտեսական բարեկեցության պայմաններում»:

«Եվ այդ ժամանակ, հավաստիացնում եմ ձեզ, երկու-երեք տարի անց, եթե մենք նման կյանք հաստատենք, կարգավիճակի բոլոր խնդիրները շատ ավելի հեշտ կլուծվեն», - ասաց Լավրովը «Պրիմակովյան ընթերցումներ» ֆորումի ժամանակ: