Բավ է պառակտվել
28-12-2019 19:14

Առաջնագծում ադրբեջանական դիվերսիոն փորձերի հավանականությունը հասցվել է նվազագույնի․ Արցախի ՊՆ

Ամփոփելով 2019թ.–ին արցախա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում տիրող իրավիճակն, Արցախի պաշտպանության նախարարությունը հանդես է եկել հայտարարությամբ։

Ինչպես նշված է փաստաթղթում՝ 2019թ․իրավիճակն արցախա-ադրբեջանական ԶՈւ շփման գծում կարելի է համարել հարաբերական կայուն։

Հայտարարությունում նշվում է, որ ամենօրյա ռեժիմով իրականացվող մեծածավալ ինժենարա-ամրաշինական աշխատանքների և առաջնագծում տեսադիտարկման համակարգերի տեղադրման արդյունքում ոչ միայն էապես բարձրացվել է մարտական հերթապահության մեջ ընդգրկված անձնակազմի անվտանգությունը, այլև գրեթե իսպառ վերացել է ադրբեջանական զինուժի կողմից դիվերսիոն ներթափանցման փորձերի հավանականությունը:

“Ընթացիկ տարում նմանատիպ քայլեր չեն ձեռնարկվել, բացառությամբ սեպտեմբերի 22-ի դեպքի, երբ հակառակորդը Պաշտպանության Բբանակի հարավարևելյան (Կարախանբեյլի) ուղղությամբ տեղակայված դիրքերից մեկի պաշտպանական հատվածում ձեռնարկել է դիվերսիոն ներթափանցման փորձ և, չեզոք գոտում թողնելով մեկ դիակ, հետ շպրտվել իր ելման դիրքերը”, – ասվում է հայտարարությունում:

Արցախի պաշտպանության նախարարությունում նշել են, որ ընդհանուր առմամբ, ըստ օպերատիվ տվյալների ամփոփագրի, 2019 թվականին արցախա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում հակառակորդի կողմից հրադադարի պահպանման ռեժիմը խախտվել է շուրջ 9.000 անգամ, որի ընթացքում հայ դիրքապահների ուղղությամբ արձակվել է ավելի քան 85 հազ․կրակոց` հրաձգային զինատեսակների հետ մեկտեղ կիրառելով նաև 60 միլիմետրանոց ականանետ (13 արկ) և հաստոցավոր ավտոմատ նռնականետ (32 արկ):

“Հարկ է ընդգծել, որ տարվա ընթացքում հակառակորդի կողմից հրադադարի պահպանման ռեժիմի խախտման ու արձակած կրակոցների թվաքանակը ամենացածրն է` 2010 թվականից ի վեր”,- հայտնել են գերատեսչությունից:

Անդրադառնալով արցախյան հիմնահարցին, ՊՆ-ն արձանագրել է, որ չնայած այս տարի լրացել է կողմերի միջև կրակի դադարեցման համաձայնագրի ստորագրման 25-ամյակը` “Մինսկի խմբին այդպես էլ չի հաջողվել առաջընթաց արձանագրել, քանի որ պաշտոնական Բաքուն ոչ միայն շարունակում է մերժել խնդրի կարգավորման հիմնարար սկզբունքներն, այլև արհամարհում է համանախագահների կողմից առաջ քաշված վստահության կառուցման միջոցներն` ուղղված հրադադարի ռեժիմի ամրապնդմանը”:

Ընդգծվում է, որ բանակցություններն առաջ տանելու ուղղությամբ տարվա ընթացքում հակամարտող կողմերի միջև ամենաբարձր մակարդակով տեղի ունեցած հանդիպումներն ու ոչ պաշտոնական շփումները, ինչպես նաև ԱԳ նախարարների թվով վեց հանդիպումներից և ոչ մեկը ի զորու չեղան առաջընթաց գրանցել` կողմերի հակադիր դիրքորոշումների պատճառով։

Ամփոփելով վերոհիշյալը` Արցախի Պաշտպանության նախարարությունն արձանագրել է, որ բանակցությունների սեղանին առաջընթացի բացակայությանն ու Ադրբեջանի կողմից ղարաբաղյան հիմնախնդիրը ռազմական ճանապարհով լուծելու մասին ամենաբարձր մակարդակով հնչող հայտարարություններին Պաշտպանության բանակն ամբողջ տարվա ընթացքում գործով հակադրեց իր ուժն ու մարտունակությունը և շարունակեց պարտադրող դերակատարում ունենալ առաջնագծում` դրանով իսկ ապահովելով Հանրապետության սահմանների անձեռնմխելիությունն ու բնակչության խաղաղ կենսագործունեությունը: