Բավ է պառակտվել
09-06-2020 13:11

Արցախի Հանրապետություն մուտքը կլինի միայն կորոնավիրուսի թեստի բացասական արդյունքի առկայության դեպքում


Այսուհետ Արցախի Հանրապետություն մուտքը կարող է լինել միայն կորոնավիրուսի թեստի բացասական արդյունքի առկայության դեպքում: Այս մասին ֆեյսբուքյան ուղիղ եթերի ժամանակ ասաց Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանը:
Նա ասաց, որ սահմանին կգործեն շարժական լաբորատորիաներ, որ անհրաժեշտության դեպքում տեղում կատարեն rapid-թեստեր: Բացի այդ Արցախ բոլոր մուտք գործող անձիք պետք է սահմանին ծանոթանան պարետատան կողմից մշակված անվտանգության կանոններին: «Ընդհանուր առմամբ Արցախ մուտք ու ելքը պետք է հասցվի մինիմումի, մինչև որ Հայաստանի Հանրապետությունում չնվազեն հիվանդացության ցուցանիշները»,- հավելեց Հարությունյանը:
Արայիկ Հարությունյանը նշել է, որ ՀՀ-ում վարակակիրների աճի դինամիկա կա հետևաբար պետք է պահպանել անվտանգության բոլոր կանոնները, որպեսզի զերծ մնան վարակի տարածումից:

Արցախի նախագահը հաշվի առնելով Հայաստանի Հանրապետության փորձը ևս մի սահմանափակում մտցրեց` խստացնելով թաղման արարողության կանոնները: «Փարձը ցույց է տալիս, որ վարակի տարածման ամենա վտանգավոր աղբյուրը հենց թաղման արարողություններն են: Մենք պետք է խստացնենք ստեղծված իրավիճակում դրանց կազմակերպման կանոնները: Եթե մենք դա չանենք, կունենանք ավելի մեծ թվով թաղումներ",- եզրափակեց ԱՀ նախագահը:
Նա հայտնեց, որ ամեն օր Հայաստանից Արցախ մոտ 500-600 մարդ է մտնում, և հնարավոր է, որ նրանց մեջ լինեն վարակակիրներ, ինչը շատ դժվար է վերահսկել:
Արայիկ Հարությունյանը նաև հայտարարեց, որ Արցախում դիմակ կրելը պետք է դառնա պարտադիր, և դա պետք է իրականացվի փուլ առ փուլ:

 

 

Արմինե Գևորգյան