Բավ է պառակտվել
15-12-2020 17:13

«Կրակոցները չեն հնչում, բայց ցանկացած պահին հնարավոր է ժողովրդին կոտորեն»․ Մեծ Շենի գյուղապետ

Ադրբեջանական զինուժն այս պահին փակ է պահում Շուշիի շրջանի Մեծ Շենից դեպի Հին Շեն տանող ճանապարհը։ Մեծ Շենի գյուղապետ Դավիթ Դավթյանը մեզ հետ զրույցում նշեց, որ ադրբեջանական զինուժը դրոշներով շարվել է հայկական ճանապարհի վրա․ «Գյուղում ելք ու մոտք չկա։ Մոտավորապես 60 բնակիչ կա։ Ռուս խաղաղապահները բանակցում են։ Այստեղ արդեն մտահոգություն է առաջանում, որ, կարծես թե ռուսներն էլ գիտեն, այս հողերը տված է»,– ասաց գյուղապետը։ Դավիթ Դավթյանը նշեց, որ Արցախի իշխանությունները ոչ մի կերպ չեն արձագանքել և իրենք էլ չգիտեն ինչ անեն։

«Կրակոցները չեն հնչում, բայց ցանկացած պահին հնարավոր է, որ ժողովրդին էլ կոտորեն։ Բնակիչներին ոչ մի ձև չենք կարող դուրս բերել։ Զորքին արդեն 3 օր է չեն կարողանում սնունդ հասցնել։ Միակ ճանապարհը փակ է, ադրբեջանական զինուժը չի թողում։ Պայմաններ են դնում, որ էսպես ենք անում, քանի որ վերևից հրաման ունենք։ Եկել ու նագլի ձևով նստել են »,- ասաց գյուղապետը։

Հին Շեն գյուղն էլ նույնպես երեկ կեսօրից հայտնվել է ադրբեջանական շրջափակման մեջ։ Հին Շենի գյուղապետ Սամվել Սարգսյանը տեղեկացրեց, որ չնայած ճանապարհը փակ է, բայց առայժմ գյուղում հանգիստ վիճակ է։ Գյուղապետը դժվարանում է ասել շրջափակված որքան կարող են դիմանալ։

«Արցախի իշխանություններին տեղյակ եմ պահել։ Իրենք գիտեն, թե ինչ քայլեր են ձեռնարկում, ինչ պետք է որոշեն` չեմ կարող ասել։ «Պոստերը դրած ա, ճանապարհի ելումուտն էլ փակ։ Մինչև Լաչինի մայրուղին ճանապարհը բաց է եղել մոտ 7 կմ, ձորով եկել թափվել են մեջն ու այդ ճանապարհը փակել։ Իրանք արդեն երեք օր է այստեղ են ու ճանապարհը փակ է երկու օր»,- ասաց գյուղապետը։

Արմինե Գևորգյան