Մարտի 12-ից սկսած՝ Արցախի ազգային անվտանգության ծառայությունը ուսումնասիրություններ է կատարել արցախա-ադրբեջանական շփման գծի տարբեր հատվածներում վերջին օրերին ձևավորված լարվածության շրջանում տարածված այն տեղեկությունների իսկությունը պարզելու ուղղությամբ, համաձայն որոնց անվտանգությունից ելնելով որոշ բարձրաստիճան պաշտոնյաներ իրենց ընտանիքները Արցախից տեղափոխել են Հայաստանի Հանրապետություն։
Արցախի ԱԱԾ մամլո ծառայությունը հայտնում է, որ կատարված ուսումնասիրությունները ցույց են տվել, որ սույն թվականի մարտ ամսվա սկզբներից առ այսօր բարձրաստիճան որևէ պաշտոնատար անձ անվտանգային նկատառումներից ելնելով ժամանակավոր կամ երկարատև բնակության համար ընտանիքը Հայաստանի Հանրապետություն չի տեղափոխել:
Պարզվել են բացառիկ մի քանի դեպքեր, երբ բարձրաստիճան պաշտոնատար անձանց ընտանիքի անդամներից մեկը ՀՀ էր մեկնել ուսման, մեկ ուրիշը՝ բուժման, մեկ այլ դեպքում աշխատանքային գործուղման նպատակով, սակայն դրանք որևէ առնչություն չեն ունեցել Արցախի շուրջ ձևավորված լարվածության հետ:
«Ազգային անվտանգության ծառայությունը կրկին անգամ խնդրում և հորդորում է զերծ մնալ ցանկացած գործողությունից, որը կարող է բերել ներքին պառակտման, հանրության շրջանում անհամերաշխության կամ միմյանց նկատմամբ թշնամության կամ ատելության ձևավորման», - ասվում է հաղորդագրությունում։
Լարվածության սրացում Արցախում
Մարտի սկզբից ադրբեջանական զինուժն ավելի ինտենսիվ գնդակոծում է Արցախի բնակավայրերն, այդ թվում՝ ականանետերից և խոշոր տրամաչափի զինատեսակներից։ Բացի այդ, ադրբեջանական կողմից սահմանային գոտում հայերենով բարձրախոսներով պարբերաբար գյուղը լքելու սպառնալիքներ են հնչում:
Մարտի 8-ի գիշերը (Ադրբեջանի հսկողության տակ գտնվող) Շուշիի մոտ գազատարի վթարի պատճառով դադարեցվել է Հայաստանից Արցախ գազամատակարարումը։ Ադրբեջանական կողմը խոչընդոտում է գազատարի վերանորոգման աշխատանքների իրականացմանը և հարակից տարածքի ականազերծմանը։ Արցախի Անվտանգության խորհրդի գրասենյակի աշխատակիցները ռուս խաղաղապահների հետ բանակցություններ են վարում ադրբեջանական կողմի հետ։ Մարտի 18-ին հայտնի դարձավ, որ գազատարի վերանորոգումն ավարտվել է, և այժմ իրականացվում են տեխնիկական բնույթի մի շարք աշխատանքներ գազի պատշաճ և անխափան փոխադրումն ու մատուցումը բաշխիչ ցանցերին ապահովելու ուղղությամբ։