Բավ է պառակտվել
14-04-2020 15:46

Իշխանությունները պարտավոր են ընտրելու հնարավորությունն ապահովել բոլոր քաղաքացիների համար. ԱՀ պարետ


Արցախի Հանրապետություն պարետ, պետական նախարար Գրիգորի Մարտիրոսյանը այսօր ընտրությունից հետո ներկայացրեց Արցախում կորոնավիրուսի տարածման պատկերը։ Ասաց, որ ունեն վարակի 3 աղբյուր, որոնցից երկուսը ամբողջությամբ վերահսկելի և սահմանափակված են, իսկ երրորդի ուղղությամբ աշխատանքները դեռևս շարունակվում են:
Վարակման առաջին օջախը Քաշաթաղի շրջանի Միրիկ գյուղն է, երկրորդը՝ Շահումյանի շրջանի Քարվաճառ քաղաքը, իսկ երրորդը, ըստ պարետի, չպետք է անվանել վարակի օջախ, քանի որ Ասկերանի շրջանի Նորագյուղ համայնքում կային մի շարք անձինք, որոնք շփվել են ոչ թե վարակակիր անձի, այլ առաջին աստիճանի կոնտակտավորի հետ:
Ինչ վերաբերում է Արցախում թեստեր չիրականացնելուն՝ ԱՀ պարետը նշել է, որ ինքնանպատակ չէ տեղում թեստավորում իրականացնելը:
«Տեխնիկական հարցերը լուծվում են, և ՀՀ մեր գործընկերները մեծ աջակցություն են ցուցաբերում այդ առումով: Այս պահի դրությամբ մենք ունենք բոլոր անհրաժեշտ միջոցներն իրավիճակը վերահսկելի պահելու համար:
Գրիգորի Մարտիրոսյանը նշեց նաև, որ միջոցառումներ կիրականացվեն սոցիալական բնույթի վնասները չեզոքացնելու ուղղությամբ: Բացի դրանից, գյուղատնտեսության ոլորտում արդեն իսկ շրջանառության մեջ են դրվել 6 ծրագրեր, որոնք ուղղված են տնտեսական վնասների վերականգնմանը և պարենային ապահովության աստիճանի բարձրացմանը:
Պետնախարարը անդրադառնալով ընտրության ընթացքի, ասաց որ բոլոր ընտրատեղամասերում առկա են անհրաժեշտ պայմաններ, և մարդկանց կուտակումներ չկան: Ինչ վերաբերվում է ինքնամեկուսացման մեջ գտնվող Քաշաթաղի շրջանի Միրիկ համայնքում ընտրությունների կազմակերպման գործընթացին՝ Մարտիրոսյանը ասաց, որ իշխանությունները պարտավոր են ընտրելու իրավունքից օգտվելու հնարավորությունն ապահովել բոլոր քաղաքացիների համար:
«Բնական է` արտակարգ իրավիճակի պայմաններում կան որոշակի սահմանափակումներ: Չեմ բացառում, որ Միրիկ համայնքում մասնակցությունը կլինի չնչին կամ էլ չի լինի, համենայն դեպս այդ հնարավորությունը բոլոր քաղաքացիների համար ստեղծված է:

 

 

Արմինե Գևորգյան