Բավ է պառակտվել
16-02-2021 16:41

Շոշում ժամերգության փոխարեն նամանզի ձայն է լսվում (լուսանկարներ)

Շուշիի տակ ծվարած Շոշ գյուղի ամեն անկյունից երևում է Սուրբ Ղազանչեցոց եկեղեցին։ Ամիսներ առաջ գյուղում լսվում էր առավոտյան ժամերգության ձայնը, հիմա՝ արդեն նամազի։ Եկեղեցին գյուղից ընդամենը 3 կմ հեռավորության վրա է։

Գյուղամիջյան ճանապարհով կարելի էր ոտքով բարձրանալ եկեղեցի, հիմա հնարավոր է միայն հեռվից նայել։ Այդքան մոտ ու այդքան հեռու՝ ասում է գյուղապետ Էրիկ Աբրահամյանը։

«Ցավոտ է ամեն առավոտ տեսնել Շուշին մեր դիմաց։ Էլ նամազի ձայն ենք էլ լսում, էլ իրենց ձայները։ Երբեմն օդ են կրակում կամ քարեր են շպրտում գյուղի կողմ։ Չէինք պատկերացնում, որ մեր գյուղում դեպի մյուս կողմ խրամատ կդրվի»,-ասում է գյուղապետը։

Շոշի դպրոցի փոխտնօրեն, պատմության ու աշխարհագրության ուսուցիչ Գրիգորի Վերդյանն առաջին պատերազմի ժամանակ 13 տարեկան էր։ Մտքով չէր էլ կարող անցնել, որ պատմությունը կրկնվելու է, ու արկի ձայները լսելու են նաև իր երեխաները։ Բայց իրենց լսած ձայները հաղթական էին։

«Մենք Ադրբեջանին չենք պարտվել։ Մեր հայկական բանակը կռվել է ՆԱՏՕ–ի երկրորդ ուժ ունեցող թուրքական բանակի դեմ»,–նկատեց զրուցակիցս։

Պատմության ուսուցիչն ասում է՝ պետք է փորձենք համակերպվել նոր իրողության հետ, ունենք այն ինչ ունենք, բայց ամեն անգամ դասարան մտնելիս չմոռանանք մեր նպատակին հասնելու քայլերի մասին խոսել։

«Հայրենիքը սկսվում է մեր տնից ու ավարտվում սահմանում։ Մեր երեխաները պետք է մեծանան հենց այդ գիտակցումով։ Սա դեռ վերջը չէ, մենք մեր պատմական հողերը պետք է հետ բերենք»։

Պարտությունը ամեն օր եմ զգում՝ ասում է հինգ երեխաների հայր Սողոմոն Մելքումյանը։ Պատերազմի առաջին օրվանից հայրենի գյուղն է պաշտպանել ու չի էլ պատկերացրել, որ նման ավարտ կունենանք։

«Որ նամազ են անում, էդ պահին չես էլ ուզում դուրս գալ։ Դե նամազի ձենը լսում ենք նրա համար, որ Շուշին подарак են տվել, հո ընենց չի, որ կռիվ են արել վերցրել։ Որ իմանաս՝ 100 տոկոսանոց պարտվել ես, վերցրել են, էդ ուրիշ ա։ Բայց սենց ավելի ցավ ա։ Իսկ հիմա համ մեր ախպերները, մեր ընկերները չկան ու Շուշին էլ չկա» ,–մի կերպ հուզմունքը զսպելով ասաց Սողոմոնը։
Վերդյանների որդին` 5- ամյա Դավիթը տանն էր, երբ թշնամու առաջին հարվածը եղավ։ Պատերազմի մասին շատ բան չգիտի, բայց հաստատ որոշել է՝ զինվոր է դառնալու։ Պատմության ուսուցիչ հայրն ասում է՝ Դավիթն օրը սկսում է՝ հերոսների մասին երգելով։

Գյուղի կենտրոնում շոշեցի Վրեժ Սարգսյանի խանութն է։ Ասում է, որ Հադրութի Կարմիր Շուկայի, Ջաբրայիլի հաճախորդերին այժմ փոխարինել են ռուս խաղաղապահները։

«Ոնց որ տանդ մեջ չապրես. տեսնում ես մեկին, որը նույն տարածքում քեզ հետ ապրելու կռիվ է տալիս։ Պատերազմի օրերին հույսերս մեծ էր, որ հաղթելու ենք։ Երբ ավարտվեց, մի կողմից, ուրախացանք, որ վերջացավ, մի կողմից էլ՝ տխրեցինք, որ եղածը դա է»,–պատմեց

«Մենք վախենալու ոչինչ չունեք, սա մեր հողն է, իրենք ունեն»,– ասում են շոշեցիները։ Գյուղապետն էլ նկատում է՝ նամազի ձայնը լռեցնում ենք շինարարական աշխատանքների ձայնով։

«Գյուղի մոտ 50 տոկոսը վերադարձել է գյուղ։ Մարդիկ փորձում են ապրել իրենց առօրյայով, փորձում են կոտրածը սարքել։ Մեր գյուղն է, մեր հողը, ուրիշ ո՞ւր պիտի գնանք ապրելու։ Էստեղ էլ պիտի մնանք ու շարունակենք ապրել։ Մոտ 70 աշակերտ այսօր դպրոց է վերադարձել»։

Գյուղական մյուս համայնքների նման Շոշն էլ է վարելահողեր արոտավայրեր ու խոտհարքներ կորցրել՝ սեփականաշնորհված հողատարածքների շուրջ 60 տոկոսը։

«Կառավարությանն արդեն ներկայացրել ենք, թե քանի հա տարածք է այն կողմում մնացել։ Երևի մի բան կանեն։ Գյուղացին, գյուղում մնալով, պետք է գյուղատնտեսությամբ զբաղվի։ Արդեն կասկածներ են առաջանում արոտավայրերի պահով՝ անասուն պահե՞ն, թե՞ չպահեն»։

Պատերազմի օրերին թշնամու արկերը 100 տուն են քանդել, երեք տուն էլ այրվել է։ Վնասվել է գյուղի բնակֆոնդի մոտ 80 տոկոսը։ Այժմ գյուղում շինարարական 3 բրիգադ է աշխատում։

Գյուղացիները հույս ունեն, որ մինչև մարտի վերջ Շոշում պատերազմի հետքերը վերացած կլինեն ու բոլորը գյուղ կվերադառնան։

Արմինե Գևորգյան