Բավ է պառակտվել
04-11-2020 15:26

Պատերազմի ընթացքում 46 քաղաքացիական անձ է զոհվել, 144-ը՝  վիրավորվել. ԱՀ ՄԻՊ

Շուշիում այս գիշեր բավականին թեժ է եղել, քաղաքացիական օբյեկտները ինտենսիվ կերպով թիրախավորվել են ադրբեջանական զինված ուժերի կողմից, որի հետևանքով բավականին մեծ ծավալի ավերածություններ ու շատ վիրավորներ կան՝ տեղեկացրել է ԱՀ ՄԻՊ Արտակ Բեգլարյանը՝ այսօրվա ճեպազրույցի ժամանակ:
Մարտունի քաղաքը հակառակորդի կողմից նույնպես թիրախավորման տակ է եղել։ Քաղաքացիական օբյեկտներում առկա են ավերածություններ, բարեբախտաբար մարդկային կորուստներ, վիրավորներ չկան։ Կրակի տակ եղած գյուղական բնակավայրերում ևս վիրավորներ չկան։

«Երեկ Ստեփանակերտ քաղաքը հերթական անգամ թիրախավորվել է, ինչի հետևանքով երկու քաղաքացիական անձ է վիրավորվել, որից մեկն արձանագրվել է ծննդատան տարածքում, մյուսը՝ կենտրոնական շուկային հարակից տարածքում: Սա նշանակում է, որ ադրբեջանական զինված ուժերը դիտավորյալ թիրախավորում են քաղաքացիական բնակչությանն ու օբյեկտները՝ ի հեճուկս միջազգային մարդասիրական իրավունքի հատուկ սկզբունքների և հոկտեմբերի 31-ին ձեռք բերված համաձայնության»,- նշեց Բեգլարյանը՝ արձանագրելով՝ հարձակումների մի մասը կատարվել է արգելված կասետային զինատեսակով:

Պատերազմի ընթացքում ընդհանուր առմամբ 46 քաղաքացիական անձ է զոհվել, 144-ը՝  վիրավորվել: Ավելի քան 13. 800 անշարժ մասնավոր գույք, ավելի քան 3100 ենթակառուցվածք, հանրային և արտադրական նշանակության օբյեկտ է վնասվել:
Արցախի մարդու իրավունքների պաշտպանը լուրջ կասկածներ ունի, որ Ադրբեջանի զինված ուժերը բոլոր բնակավայրերում, որտեղ մուտք են գործել և քաղաքացիական անձ են գտել, բազմաթիվ հանցագործություններ են կատարել նրանց հանդեպ։
«Որպես ապացույց կարող ենք նշել ադրբեջանական գերության մեջ գտնվող 84 տարեկան Միշա Մելքումյանի սպանության դեպքը։ Պապիկի հարազատները մեզ տեղեկացրել են, որ նախքան գերությունը նա առողջական էական խնդիրներ չի ունեցել։ Սա նշանակում է, որ նա Ադրբեջանում խոշտանգումների է ենթարկվել, ինչի հետևանքով էլ մահացել է»,– ասաց Բեգլարյանը։
Պաշտպանը պատմեց նաև, որ Տող գյուղի քաղաքացիներից մեկը միջազգային լրատվական գործակալության ներկայացուցչին հայտնել է, որ Մայոր անունով մի տղամարդու գլխատել են (տղամարդու տվյալները, ըստ ՄԻՊ–ի, ճշտվում է)։
Բեգլարյանի խոսքով՝ Ադրբեջանում այնքան է արմատացած հայատյացությունը, որ ցանկացած հայի սպանելը և նույնիսկ դիակների հանդեպ վատ վերաբերմունքը ողջունելի արարք է համարվում հանրության համար։ Ըստ նրա` ցեղասպան գործողությունների վտանգը շատ մեծ է։

Արմինե Գևորգյան