Բավ է պառակտվել
24-11-2020 17:11

Ամեն ինչի մեղավորը իշխանությունն է․ արցախցիները վերադառնում են տուն (լուսանկարներ)

Պատերազմի սկզբից մինչև վերջին օրը ադրբեջանական կողմն անդադար հրթիռահրետանային հարվածներ էր հասցնում Արցախի բնակավայրերին, ուստի խաղաղ բնակչության անվտանգությունն ապահովելու համար նրանք տարհանվել էին Հայաստան։ Նոյեմբերի 9-ին հաստատված հրադադարից հետո արցախցիները վերադառնում են։

Առավոտյան ժամը 8–ն է։ «Կիլիկիա» ավտոկայանի տարածքում արցախցիներն են։ Նրանք անհամբեր սպասում են ավտոբուսներին, որ րոպե առաջ վերադառնան հայրենի տուն։ Բոլորի դեմքին կա անհանգստություն, լարվածություն ու կարոտ։ Արդեն մեկ շաբաթից ավելի է Հայաստանում ժամանակավորապես ապաստանած արցախցիներն ամեն առավոտ հենց այստեղից մեկնում են Ստեփանակերտ։
«Դե ասում են լավ ա, հանգիստ ա։ Գնում ենք տեսնենք` ինչ կլինի։ Տղաս ծառայում է Ջաբրայիլում էր, 40 օր լուր չունեիք, ու երեկ զանգել ա, ասել, որ լավ է։ Ճանապարհից առաջ մի լավ լուր ենք լսում։ Ու էդ լավ տրամադրությամբ էլ գնում ենք»։
«Մեր տունը մնում ա։ Դե լույսը, գազը հետո կլինի, բայց կարևորը մենք մեր հողում լինենք։ Դե Շուշին ու Հադրութը չպիտի տային։ Գոնե, մենք տուն ունենք, բա էդքան փախստականները ի՞նչ են անելու»։
Զրուցակիցս Մարտակերտից է, ասում է, որ հոկտեմբերի 28- ին է դուրս է եկել քաղաքից ու հիմա չգիտի ինչ վիճակում է տունը գտնելու, բայց դա իրենց այդքան էլ չի անհանգստացնում, կարևորը` խաղաղություն լինի։


«Գիտենք, որ վտանգավոր է, բայց դե պետք ա ապրենք, ու մեր երկիրը ոտքի կանգնացնենք»
Շուշեցի տիկին Նվարդը բազմանդամ ընտանիքի տեր է։ Հինգ օրական թոռնիկը Շուշիից հանել է հոկտեմբերի 6 –ին։ Եկել են Երևան, բարեկամի տանը ապրելու, բայց այլևս հնարավոր չէ այդ վայրում մնալ, քանի որ մի տան մեջ ապրում են 18 հոգով։ Նվարդն ասում է` վերադառնում է Ստեփանակերտ այն հույսով, որ տուն կգտվի, իրենք էլ գոնե իրենց հողում կապրեն։ Իսկ հարսը չի համակերպվում Շուշիի կորստի հետ. «Մարդն առանց սիրտ չի կարող ապրել, իսկ Արցախի սիրտը Շուշին ա, բայց մի կերպ կդիմանանք, կարևորը մեր հողում լինենք։ Մենք շատ դժվարություններ ենք տեսել, այս դժվարությանն էլ կդիմանանք»։


«Տղաներս զինվորականներ են, ամսի հինգին տղաս զանգեց, ասեց Շուշին տվել ենք, ասացի ո՞նց։ Տելեվիզորը դեռ չի ասել, ասում ա մենք հաղթում ենք․․․․ Բայց մենք այդ լուրն իմացանք արդեն ամսի 9–ին։ Ես տնից վերցրել եմ մի քանի շոր։ Ամեն ինչը մնացել է Շուշիում, բայց հիմա գնում ենք Ստեփանակերտ։ Հուսանք մի բան կլինի»։
Երեք պատերազմ տեսած Յուրա պապը ձեռնափայտի վրա հենված արցունքն աչքերին նկատում է, որ այս իրավիճակի միակ պատասխանատուն վերնախավն է։
«Իրանց գրպանն ու չամադան են լցնում, չեն մտածում, որ փոքր ազգ ենք, թշնամի ունենք։
Իսկ երեխաները ամենից անհամբերն են։ Երբ ավտոբուսը մոտենում է, նրանք առաջինն են վերցնում ծանր պայուսակներն ու շտապում են տեղ զբաղեցնել ավտոբուսում։ Դժվարությամբ են խոսում։ Բայց բոլորի հայացքը շատ խոսուն է, մի ամսում մեծացել են մի քանի տարով։
«Ամենաշատը տատիկին ու պապիկին եմ կարոտել, Ճարտարին ու Խոջալուին։
«Ես էլ չեմ վախեցել, որ կռիվը սկսել ա, մտել եմ պադվալ։ Հիմա պապայիս կարոտել եմ ամենաշատը, ընտեղ մեզ ա սպասում»։
Ավտոբուսները, արդեն գրեթե բոլորն էլ լեփ-լեցուն, պատրաստվում են ճանապարհ ընկնել։ Բայց ավտոկանգառում դեռ մարդիկ կան, որոնք սպասում են իրենց հերթին։ Վարորդները խոստանում են` ոչ-ոք չի մնա ավտոկայանում, բոլորն էլ այսօր տեղ կհասնեն։