Բավ է պառակտվել
06-06-2019 20:00

Արցախի մասնակցության հարցը բարդ է, բայց սկզբունքային է. Զոհրաբ Մնացականյան

ՀՀ արտաքին գործերի նախարար Զոհրաբ Մնացականյանը ու նաև վարչապետը շատ սերտ աշխատում են Արցախի արտգործնախարար Մասիս Մայիլյանի հետ, աշխատում են նաև Արցախի նախագահի հետ: Այս մասին ԱԺ –ում լրագրողների հետ ճեպազրույցում ասել է ԱԳ Զոհրաբ Մնացականյանը:
«Մենք շատ հստակ ձևաչափ ունենք միասին սերտորեն աշխատելու, որն արտահայտում է մեր կառավարության կողմից նշված քաղաքական գիծը, որը վերաբերում է Արցախի որոշիչ ձայնին այս բանակցային գործընթացում։ Դուք գիտեք, որ Արցախի մասնակցության հարցը բարդ է, բայց սկզբունքային հարց է։ Առանց Արցախի որոշիչ ձայնի մենք առաջընթաց չենք ունենալու», - ասաց Զոհրաբ Մնացականյանը։
Արտգործնախարարը հորդորում է բոլորին, որ չկասկածեն Հայաստանի և Արցախի միասնականության վրա: «Մեր ներսի քննարկումները կարող են շատ բաց և շատ սուր լինել, բայց եթե ինչ-որ մեկը ենթադրել է, որ այդ սրությունը քայքայում է մեր միասնանակությունը, խորհուրդ կտամ՝ չսխալվել»,- ասաց արտգործնախարարը։
Մնացականյանը ասում է,որ այն արտահայտվել է 1991 թվականից ի վեր, իսկ վերջին անգամ էլ 2016 թվականի ապրիլին:
Հիշեցնենք, նախօրեին «Արցախպրես» լրատվական գործակալությանը և «Ազատ Արցախ» թերթին տված հարցազրույցում Արցախի նախագահ Բակո Սահակյանը անթույլատրելի էր համարել միասնականությանը խարխլելուն ուղղված ցանկացած քայլ՝ լինի դա Արցախում, Հայաստանում, թե Սփյուռքում: «Անընդունելի եմ համարում դավադրական պահելաձևն առհասարակ»։

 

Արմինե Գևորգյան