Բավ է պառակտվել
06-08-2019 09:42

“Միացու՛մ, Արցախը Հայաստանն է, և վերջ”․ Փաշինյան

Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը երկուշաբթի ելույթ է ունեցել Ստեփանակերտում, որի ընթացքում հանդես է եկել կոչով։

“Երբ խոսվում է ժողովրդական հեղափոխության մասին, պետք է հասկանալ համահայկական հեղափոխություն, որովհետև ժողովուրդը համայն հայ ժողովուրդն է, ինչպես արձանագրված է Սահմանադրության մեջ դե յուրե և ինչպես արձանագրվեց հեղափոխության ժամանակ դե ֆակտո։ Համահայկական հեղափոխությունը նշանակում է, որ հեղափոխությունը տեղի է ունեցել ոչ միայն Հայաստանում, այլ համայն հայության մեջ”,– ասել է նա։

Նրա խոսքով, դա նշանակում է, որ հեղափոխության արժեքները համահայկական են, և դրանց հետևողական ինստիտուցիոնալ արմատավորումը հայության շրջանում մեր ազգին դնելու է աշխարհի մեծագույն ժողովուրդների շարքում։

“Իր հերթին՝ դա նշանակում է, որ հեղափոխությունը տեղի է ունեցել, բայց չի ավարտվել, որովհետև արժեքների հաստատումը տևական քաղաքական պրոցես է, որը շարունակվում է և պետք է շարունակվի Հայաստանում, Արցախում և Սփյուռքում”,-ասել է Փաշինյանը։

Ըստ վարչապետի, հարկավոր է հրաժարվել “ղարաբաղցիներ”, “իջևանցիներ”, “գյումրեցիներ” և այլ նմանատիպ բաժանումից։

Դրանից հետո ամբոխից հնչել են “միասին”, “միասին” գոչյունները։

“Միացում, միացում, միացում”,- ի պատասխան ասել է Փաշինյանը։

Իր ելույթի ընթացքում վարչապետը բազմիցս կրկնել է “Արցախը Հայաստանն է, և վերջ” արտահայտությունը։