Բավ է պառակտվել
20-09-2019 13:43

Դիվերսանտներին Ադրբեջանին վերադարձնելու հարցը պետք է լուծի Արցախը․ Դավիթ Տոնոյան

Հայկական կողմի մոտ գտնվող ադրբեջանցի դիվերսանտներ Դիլհամ Ասքերովին և Շահբազ Գուլիևին վերադարձնելու հնարավորությունը` Արցախի սուվերեն որոշման խնդիրն է, ուրբաթ լրագրողների հետ ասուլիսում ասել է Հայաստանի պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը:
Ավելի վաղ Ադրբեջանի ռազմագերիների, պատանդների և անհայտ կորածների հարցերով կոմիտեն հայտարարել է, որ Բաքուն պատրաստ է փոխանակել իրենց մոտ գտնվող ՀՀ քաղաքացիներ` Կարեն Ղազարյանին և Արայիկ Ղազարյանին Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունում դատապարտված ադրբեջանցիներ Դիլհամ Ասքերովի և Շահբազ Գուլիևի հետ:
Նախօրեին վարչապետ Նիկոլ Փաշինյանի մամլո խոսնակ Վլադիմիր Կարապետյանը հաստատել է տեղեկությունը` նշելով, որ Հայաստանի կառավարությունը քննարկում է գերիներին փոխանակելու ադրբեջանական կողմի առաջարկը:
“Երեկ հանդիպել եմ Կարմիր խաչի միջազգային կոմիտեի ներկայացուցիչների հետ: Ինձ փոխանցել են Ադրբեջանի պաշտոնական առաջարկը: Կան քննարկման որոշ խնդիրներ, որոնք ես հիմա բացահայտել չեմ կարող։ Հավելյալ աշխատանք է պահանջվում որոշ տեղեկատվության ճշգրտման համար, և երբ այն ստանանք ադրբեջանական կողմից՝ կպատասխանենք”, - ասել է Տոնոյանը:
Պատասխանելով հարցին, արդյո ՞ ք հայկական կողմը փոխել է իր դիրքորոշումն Ադրբեջանին երկու դիվերսանտի վերադարձնելու հարցի շուրջ, նախարարը նշել է, որ ճիշտ չի համարում դիտարկել ՀՀ քաղաքացիների վերադարձման հարցը փոխանակման տեսանկյունից:
«Մենք սկզբունքորեն դեմ չէնք Հայաստանի քաղաքացիների վերադարձին իրենց տները և աջակցելու ենք այդ գործընթացին։ Սակայն մեզ համար անընդունելի է դիտարկել գերիների վերադարձը փոխանակման տեսանկյունից: Դա բացառապես մարդասիրական ակցիա է: Եվ ես էական տարբերություն եմ տեսնում Հայաստանի քաղաքացիների և Ադրբեջանի այն քաղաքացիների միջև, որոնք գտնվում են Լեռնային Ղարաբաղում: Աշխատում եմ այն հարցի շուրջ, որպեսզի վերադարձնեմ մեր քաղաքացիներին Հայաստան”, - ասել է նա` միաժամանակ չբացառելով, որ փոխանակումը կարող է տեղի ունենալ:
Օգոստոսի 12-ին ՊԲ հարավ-արևելյան ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի պահպանության տեղամասից, դեռևս չպարզված հանգամանքերում, մարտական դիրքը լքել է զինծառայող, 2000թ. ծնված Արայիկ Ղազարյանը: Ըստ ադրբեջանական լրատվամիջոցների տարածած տեղեկատվության, զինծառայող Ղազարյանը գտնվում է նրանց մոտ: Ավելի ուժ Հայաստանի պաշտպանության նախարարությունը հաստատել է այդ տեղեկատվությունը։
2018թ հուլիսին, անհայտ հանգամանքներում Տավուշի մարզի Բերդավան գյուղի առողջական խնդիրներ ունեցող բնակիչ, 34-ամյա Կարեն Ղազարյանը հայտնվել է Ադրբեջանի տարածքում: Սակայն Ադրբեջանում նրան համարում են դիվերսանտ։ Փետրվարի 27-ին նա դատապարտվել է 20 տարի ազատազրկման՝ խիստ ռեժիմի հիմնարկում։
Դիլհամ Ասկերովը և Շահբազ Գուլիևը զինված խմբի կազմում ապօրինաբար ներթափանցել են Արցախի Հանրապետության տարածք։ Այդ հանցավոր խմբի անդամները կատարել են մի շարք առանձնակի ծանր հանցագործություններ, այդ թվում՝ 17-ամյա Սմբատ Ցականյանի առևանգումն ու սպանությունը, 43-ամյա Սարգիս Աբրահամյանի սպանությունը և 37-ամյա Կարինե Դավթյանին ծանր վնասվածքներ պատճառելը։