Բավ է պառակտվել
30-04-2020 16:03

Վերադարձ անցյալին՝ թե տարածքների, թե՛ կարգավիճակի առումով, չի լինելու․Բակո Սահակյան

Արցախի Հանրապետության Ազգային ժողովում ընթացող լիագումար նիստի ժամանակ Արցախի նախագահ Բակո Սահակյանը հայտարարել է, որ հարգել և հարգելու է ԵԱՀԿ ՄԽ առաքելությունը, քանի որ գտնում է, որ հարաբերական խաղաղությունը նաև նրանց առաքելության շնորհիվ է պահպանվում:
Միաժամանակ Բակո Սահակյանը շեշտեց, որ ՄԽ համանախագահների հետ հանդիպումներում ներկայացրել է Արցախի տեսակետը, այն է` Արցախի անկախությունը և անվտանգությունը սակարկության ենթակա չէ:
«Եվ խնդրել եմ, որ նրանք չընդունեն իմ այդ հայտարարությունը, իմ և մեր դիրքորոշումը՝ որպես ծայրահեղություն: Այս տարիների ընթացքում մենք չենք շեղվել ո’չ մեր դիրքորոշումից, ո’չ մեր սկզբունքից: Ղարաբաղյան հիմնախնդիրը, ադրբեջանաղարաբաղյան հակամարտությունը, իմ խորին համոզմամբ, աշխարհի ամենաբարդ հիմնախնդիրներից մեկն է, որն իր մեջ ներառում է բազմաթիվ պահանջներ, և մենք պարտավոր ենք՝ այդ ամենը հաշվի առնելով և հարգելով միջազգային հանրության շահագրգռվածությունը, հիմնախնդիրը խաղաղ ճանապարհով հանգուցալուծման հասցնելու՝ այնուամենայնիվ շարունակելով մնալ մեր դիրքորոշման մեջ: »,- ընդգծել է Արցախի ղեկավարը:
Արցախի Հանրապետության ղեկավարը անդրադարձել է նաև Ռուսաստանի Դաշնության արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովի այն հայտարարությանը, թե ղարաբաղյան հակամարտության կողմերին ներկայացվել է կարգավորման փուլային տարբերակ ենթադրող նախագծեր։
Նախագահն ասել է, որ ՀՀ գործընկերները արդեն իսկ պաշտոնապես հայտարարել են, որ չկա քննարկվող փաստաթուղթ, ու Արցախի իշխանությունները շարունակելու են դիվանագիտական կարողություններ գործադրել, ինչպես նաև ընդհանուր համազգային ճակատում այս կամ այն գործունեությունն իրականացնող կազմակերպությունների հետ տարվող աշխատանքները շարունակել:
«Ղարաբաղյան հիմնախնդրին անդրադառնալիս՝ մենք խոսում ենք մեր ճակատագրի մասին: Բոլոր հարթակներում, բոլոր հանդիպումների ընթացքում, այդ թվում ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հետ հանդիպումների ժամանակ, ես հնարավորություն եմ ունեցել մեր երկրի տեսակետը ներկայացնելու: Քանիցս հրապարակավ հայտարարել եմ, որ հարգում եմ և հետայսու ևս հարգելու եմ այն առաքելությունը, որն իրականացնում է ԵԱՀԿ Մինսկի խումբը, քանի որ համարում եմ, որ հարաբերական խաղաղությունն ապահովվում է նաև նրանց առաքելության շնորհիվ»,- մասնավորապես նշել է Բ. Սահակյանը:
Հանրապետության Նախագահը հայտնել է, որ կայացած հանդիպումներն անց են կացվել փոխադարձ հարգանքի մթնոլորտում, որի ընթացքում ինքը նշել է, որ Արցախի անվտանգությունն և անկախությունը սակարկության ենթակա չէ:
«Վերադարձ անցյալին՝ թե տարածքների, թե՛ կարգավիճակի առումով, չի լինելու»,–շեշտել է Բակո Սահակյանը:

 

 

Արմինե Գևորգյան