Բավ է պառակտվել
09-12-2022 19:27

Արցախյան պատերազմի ժամանակ Ադրբեջանի ԶՈւ-ն օգտագործել է արգելված սպիտակ ֆոսֆոր պարունակող զինամթերք․ գլխավոր դատախազություն

Արցախի Հանրապետության քննչական կոմիտեն դեկտեմբերի 7-ին ստացել է անկախ փորձագիտական ​​խմբի եզրակացությունը, որը, ուսումնասիրելով Արցախի Մարտունու շրջանում չպայթած արկերը, պարզել է, որ 44-օրյա պատերազմի ընթացքում ադրբեջանական զինուժը կիրառել է սպիտակ ֆոսֆոր պարունակող զինամթերք: Այս մասին հայտնում են Արցախի գլխավոր դատախազության մամուլի ծառայությունից։

Նշվում է, որ փորձագիտական հետազոտության արդյունքներով հաստատվել է, որ 2020 թ. 44-օրյա պատերազմի օրերին Ադրբեջանի զինված ուժերը զանգվածային ոչնչացման ու մարդկային մեծաթիվ կորստի, տառապանքի ու վնասի հանգեցնող քիմիական զենքով ուղիղ թիրախավորել են այն բնակավայրերը, որտեղ գտնվում էր խաղաղ բնակչություն։

Այդկերպ Ադրբեջանը կոպտորեն խախտել է Ժնևի կոնվենցիայի 35-րդ հոդվածը։

2020թ․ Արցախում 44-օրյա պատերազմի մասին
Սեպտեմբերի 27-ից նոյեմբերի 9-ը Ադրբեջանի զինված ուժերը Թուրքիայի և վարձկան ահաբեկիչների ներգրավմամբ ագրեսիա են իրականացրել Արցախի դեմ ճակատում և թիկունքում՝ հրթիռահրետանային զենքերի, ծանր զրահամեքենաների, ռազմական ինքնաթիռների և արգելված տեսակի զենքերի (կասետային ռումբեր, ֆոսֆորային զենք) գործադրմամբ։ Ակտիվորեն օգտագործվել են նաեւ «Բայրաքթար» անօդաչու թռչող սարքերը, որոնք մեծ վնասներ են հասցրել։Հարվածներ են հասցվել նաև քաղաքացիական և ռազմական օբյեկտներին Հայաստանի տարածքում։

2020 թվականի նոյեմբերի 9-ին Ռուսաստանի Դաշնության, Ադրբեջանի և Հայաստանի ղեկավարները ստորագրեցին հայտարարություն Արցախում բոլոր ռազմական գործողությունները դադարեցնելու մասին: Փաստաթղթի համաձայն, կողմերը կանգ են առնում իրենց դիրքերում. Շուշի, Աղդամ, Քելբաջար և Լաչին շրջանները անցնում են Ադրբեջանին, բացառությամբ Ղարաբաղը Հայաստանի հետ կապող 5 կիլոմետրանոց միջանցքի: Ղարաբաղում շփման գծի և Լաչինի միջանցքի երկայնքով տեղակայվում է ռուսական խաղաղապահ զորախումբ։ 2021 թվականի հունվարի 11-ին Ռուսաստանի և Ադրբեջանի նախագահներ Վլադիմիր Պուտինը և Իլհամ Ալիևը և ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը համատեղ հայտարարություն ստորագրեցին տարածաշրջանի զարգացման և հաղորդակցությունների ապաշրջափակման վերաբերյալ։
Վերջին տվյալների համաձայն՝ Արցախում 44-օրյա պատերազմի ընթացքում հայկական կողմը կորցրել է 3822 մարդ, 187 զինծառայող և 21 քաղաքացիական անձ համարվում է անհետ կորած, ադրբեջանական գերությունից վերադարձվել է 150 մարդ։