Բավ է պառակտվել
16-07-2021 10:48

Ադրբեջանի զինված ուժերը Շուշիից կրակել են Ստեփանակերտի ուղղությամբ․ ՄԻՊ

Ադրբեջանի զինված ուժերը խախտել են Արցախի շուրջ եռակողմ հայտարարությունը․ գտնվելով Շուշիում՝ նախօրեին կրակահերթ են արձակել ինքնաձիգից Ստեփանակերտի ուղղությամբ։ Այս մասին գրել է Արցախի օմբուդսմեն Գեղամ Ստեփանյանը ֆեյսբուքյան իր էջում։

ՄԻՊ ներկայացուցիչներն այցելել են Ստեփանակերտի Արմենավան թաղամաս։ Տեղի բնակիչները պատմել են, որ հուլիսի 15–ին, մոտավորապես ժամը 17:00-ին ադրբեջանական կողմը 4-5 անգամ կրակահերթ է արձակել ինքնաձիգից։ Այս տեղեկությունը հաստատել են պետական լիազոր մարմինները։ Բարեբախտաբար, միջադեպի հետևանքով տուժածներ չկան։

Նրա խոսքով, կրակակոծման մասին տեղեկացվել են ռուսական խաղաղապահ ուժերը։ Ստեփանյանը հիշեցրել է, որ ադրբեջանական կողմը խախտում է Ղարաբաղի շուրջ եռակողմ հայտարարությունը և վերջին օրերին առավել հաճախ է դիմում սադրիչ գործողությունների` այդ կերպ հետապնդելով խաղաղ բնակչությանը մշտապես ահաբեկելու, վախի ու լարվածության մթնոլորտ ձևավորելու նպատակ։

Ստեփանյանն ասել է, որ «միջադեպերի քննության հստակ մեխանիզմների ներդրումը ուղղակի ահրաժեշտություն է ադրբեջանական կողմի նկրտումները զսպելու և սադրանքները բացառելու համար»։ Նրա խոսքով, Լեռնային Ղարաբաղի ժողովրդի ֆիզիկական և հոգեկան անձեռնմխելիության դեմ ադրբեջանական ոտնձգությունները ռուս խաղաղապահների և միջազգային հանրության կողմից պետք է արժանանան համապատասխան գնահատականի` այդ թվում հրապարակային։