Բավ է պառակտվել
25-03-2022 11:37

Ադրբեջանական զինուժը հարվածային ԱԹՍ է կիրառել Արցախում հայկական դիրքերի ուղղությամբ, թշնամին կենդանի ուժի կորուստներ է կրել․ ՊՆ

Մարտի 24-ին Ադրբեջանի ԶՈՒ ստորաբաժանումները, կոպտորեն խախտելով 2020թ. նոյեմբերի 10-ի եռակողմ հայտարարության պահանջները, ներխուժել են Արցախում ՌԴ խաղաղապահ զորակազմի պատասխանատվության գոտի, վերահսկողության տակ վերցնելով Ասկերանի շրջանի Փառուխ գյուղն ու հարակից դիրքերը, ապա փորձել է առաջխաղացում ապահովել Արցախի Հանրապետության արևելյան սահմանագոտում, հայտնում է Արցախի պաշտպանական գերատեսչությունը։

«Ռուսական խաղաղապահ զորակազմի և Արցախի համապատասխան մարմինների կողմից ժամեր տևած բանակցությունները էական արդյունքներ չեն տվել, և հակառակորդը չի վերադարձել ելման դիրքեր: Ավելին. ադրբեջանական ստորաբաժանումները մարտի 25-ի գիշերը կրակ են բացել ՊԲ ստորաբաժանումների վրա՝ կիրառելով ինչպես տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներ, այնպես էլ հարվածային ԱԹՍ», - ասվում է գերատեսչության ֆեյսբուքյան էջում:

Տեղեկացվում է, որ ծավալված փոխհրաձգության արդյունքում հակառակորդի կողմից զոհվել է առնվազն 5 զինծառայող:

«Հայկական կողմից կա մեկ վիրավոր։ Ժամը 09։00 դրությամբ իրադրությունը հարաբերականորեն կայուն է։ Ակնկալում ենք, որ ռուս խաղաղապահները միջոցներ կձեռնարկեն ադրբեջանական ստորաբաժանումներին ելման դիրքեր վերադարձնելու ուղղությամբ», - նշվում է հաղորդագրությունում։

Հիշեցնենք, որ նախօրեին Հայաստանի ԱԳՆ-ն հայտարարել էր, որ Ադրբեջանի սադրիչ գործողություններն ուղղված են խաղաղ գործընթացի խաթարմանը և կոչ արել միջազգային հանրությանը աջակցել Հարավային Կովկասում խաղաղություն հաստատելու և Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ կարգավորմանն ուղղված ջանքերին։

Հայաստանի ԱԳՆ-ն ակնկալում է, որ ռուսական խաղաղապահ ուժերը, որոնց պատասխանատվության գոտում է տեղի ունենում սադրանքը, միջոցներ կձեռնարկեն ապահովելու ադրբեջանական զորքերի անհապաղ վերադարձն իրենց ելման դիրքեր և խստորեն պահպանել նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությամբ ստանձնած պարտավորությունները։