Բավ է պառակտվել
07-05-2019 14:39

Բակո Սահակյանը և Արկադի Ղուկասյանը խնդրում են մայիսի 9-ին ընդառաջ ազատ արձակել Ռոբերտ Քոչարյանին

Արցախի գործող նախագահ Բակո Սահակյանը և ԼՂՀ երկրորդ նախագահ Արկադի Ղուկասյանը դիմել են Հայաստանի գլխավոր դատախազ Արթուր Դավթյանին ԼՂՀ առաջին նախագահ Ռոբերտ Քոչարյանին մայիսի 9-ին ընդառաջ կալանքից ազատելու խնդրանքով:

Հանրապետության նախագահի աշխատակազմի գլխավոր տեղեկատվական վարչության տարածած դիմումում նշվել է, որ ամեն տարի մայիսի 9-ին Արցախում նշվում է Հայրենական մեծ պատերազմի հաղթանակի տոնը, Արցախի հանրապետության Պաշտպանական բանակի և Շուշիի ազատագրման օրը։

«Ավանդույթի համաձայն՝ Ստեփանակերտում և Շուշիում անցկացվող տոնակատարությունների հյուր են դառնում, ի թիվս այլ հարգարժան հյուրերի, Արցախի Հանրապետության բոլոր նախկին ղեկավարները, մարդիկ, ովքեր իրենց հսկայական ավանդն են ներդրել Արցախյան պատերազմում, կանգնած են եղել մեր պետության և բանակի ստեղծման ակունքներում, մասնակցել են Շուշիի ազատագրմանը, կերտել են մեր Հաղթանակը»,- ասվել է դիմումում։
Փաստաթղթում Սահակյանը և Ղուկասյանը խնդրում են գլխավոր դատախազին մայիսի 9-ին ընդառաջ համապատասխան որոշում կայացնել փոխելու կալանքի տակ գտնվող Արցախի Հանրապետության առաջին նախագահ Ռոբերտ Քոչարյանի խափանման միջոցը։

«Մենք պատրաստ ենք հանդես գալ ցանկացած հրապարակային երաշխիքով, որն անհրաժեշտ կլինի նրա՝ մեկուսարանից ազատ արձակվելու և կայանալիք դատավարության ողջ ընթացքում ազատության մեջ լինելու համար»,- նշվել է Սահակյանի և Ղուկասյանի դիմումում։

Նրանք հույս են հայտնել, որ իր որոշմամբ Հայաստանի գլխավոր դատախազը հնարավորություն կընձեռնի Արցախի Հանրապետության երեք նախագահներին մասնակցել մայիսյան տոնակատարաությանը Ստեփանակերտում և Շուշիում, ինչը, վստահաբար, համերաշխության և միասնականության ազդակ կդառնա ոչ միայն մեր հասարակության, այլև ամբողջ աշխարհի ու նաև հակառակորդի համար։

«Նովոստի-Արմենիա» գործակալությունը կապվել է գլխավոր դատախազության մամլո խոսնակ Արևիկ Խաչատրյանի հետ, ով տեղեկացրել է, որ պաշտոնական մեկնաբանությունն ավելի ուշ կհայտարարվի։

Լեռնային Ղարաբաղի հանրապետության առաջին և Հայաստանի երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը կալանքի տակ է Հայաստանում սահմանադրական կարգը տապալելու մեղադրանքով (2018 թվականի մարտի 1-2-ի զանգվածային անկարգությունների գործի շրջանակներում)։

2008թ. փետրվարի 19-ին կայացած նախագահական ընտրություններին մասնակցած և պարտություն կրած առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի գլխավորած հայաստանյան ընդդիմությունը փետրվարի 20-ից Երևանի կենտրոնում հանրահավաքներ է անցկացրել` դժգոհելով քվեարկության արդյունքներից: 2008թ. մարտի 1-2-ի բողոքի ցույցերը հանգեցրել են ցուցարարների և իրավապահ մարմինների միջև անկարգությունների և բախումների, որոնց հետևանքով զոհվել է տաս և վիրավորվել ավելի քան 200 մարդ:

Ավելի վաղ տեղեկացվել էր, որ Հատուկ քննչական ծառայությունն ավարտել է 2008 թվականի մարտի 1-2 դեպքերի կապակցությամբ հարուցած քրեական գործի նախաքննությունը։ Հայաստանի նախկին նախագահ Ռոբերտ Քոչարյանի, 2008 թվականին Հայաստանի ԶՈւ գլխավոր շտաբի հրամանատարի պաշտոնը զբաղեցրած Սեյրան Օհանյանի, պաշտպանության նախարարի տեղակալի, Երևանի կայազորի հրամանատարի պաշտոնը զբաղեցած Յուրի Խաչատուրովի և Հայաստանի նախագահի աշխատակազմի ղեկավարի պաշտոնը զբաղեցրած Արմեն Գևորգյանի մասով քրեական գործերը հանձնվել են գլխավոր դատախազին դատարան ներկայացնելու համար։