Բավ է պառակտվել
15-02-2021 10:53

«Հիվանդ մորը նայում են, ոչ թե թողում ու հեռանում» Աղավնոյի բնակիչ

Լույսը դեռ չի բացվել, շարժվում ենք Արցախ։ 44 - օրյա պատերազմից հետո` երկրորդ անգամ։ Առաջին անգամ Արցախ մուտք ենք գործել Վարդենիս-Քարվաճառ ճանապարհահատվածով։ Դեռ հնարավոր էր։ Առաջին անցակետը Գորիսի Տեղ գյուղն է։ Հենց այստեղ էլ սկսվում է նոր իրականությունը։ Մեր սահմանապահները ստուգում են փաստաղթերը, մեքենայի բեռնախցիկն ու ասում՝ բարի ճանապարհ․․․

Ցուցանակի գրությունը՝ «Ազատ Արցախը ողջունում է ձեզ», առաջվա պես չի ջերմացնում․ ցուցանակից այն կողմ ռուսական դրոշն է:
Առաջին կանգառը Աղավնո գյուղն է։ Անցնում ենք երկու անցակետով։ Ուզում ենք մի քանի կադրեր անել, ռուս խաղաղապահն ասում է՝ թույլտվություն պետք է ունենաք Ադրբեջանի արտգործնախարարությունից։ Հարցիս՝ «ինչո՞ւ, մենք հայկական հողում ենք», ռուս խաղաղապահը չի պատասխանում, ասում է՝ սադրիչ հարց եմ տալիս։

Պատերազմից հետո Ադրբեջանի վերահսկողության տակ է անցել գրեթե ամբողջ Քաշաթաղի շրջանը՝ բացառությամբ 3 բնակավայրի՝ Բերձոր, Ներքին Սուս, Աղավնո։
Աղավնոյի համայնքապետ Անդրանիկ Չավուշյանը համոզված է՝ Լաչինի 5 կիլոմետրանոց միջանցքում տեղակայված գյուղը հայկական պահելը ռազմավարական նշանակության հարց է։ Նա, սակայն, ոչ պաշտոնական աղբյուրներից երբեմն տեղեկություններ է ստանում, թե բնակիչների մուտքը Բերձոր խոչընդոտվում է։ Աղավնոյի մասին դեռ չի լսել։ Մի անգամ էլ Անդրանիկը վիճել է ռուս խաղաղապահնեըի հետ, երբ ասել են, թե տարածքը Հայաստանի ղեկավարը 5 տարով իրենց է հանձնել։ Չավուշյանն ասում է՝ ինքը հիշեցրել է Պուտինի խոսքերը՝ «ով որտեղ կանգնած է, թող մնա այնտեղ»։
«Պայմանագիրն են հիշեցնում, բայց ես դա պայմանագիր չեմ համարում։ Մի անձը չի կարող մի ամբողջ ժողովրդի ճակատագիրը որոշի։ Մենք պատասխանտու մարմիներից սպասում ենք պաշտոնական հայտարության, բայց քանի դեռ չեն հայտարարում, մենք իրավունք չունենք լքել մեր տները։ Կամ որ ասում են գնանք, ուր գնանք, ինչի գնանք։ Ես կարծում եմ, որ քննարկումների արդյուքնում պետք է որորշում ներ կայացվի»,-ասում է գյուղապետը։

Աղավնոյում այսօր 25 ընտանիք է բնակվում, մոտ 90 մարդ։ 38 ընտանիք պատերազմի օրերին դուրս է եկել գյուղից ու դեռ չեն վերադարձել։ Հայտնի էլ չէ՝ կվերադառնան թե ոչ։
«Այդ նույն բացակա մարդկանց տները պահել ենք, մենք սպասում ենք իրենց, բայց եթե չեն գալիս, չենք կարող ստիպել։ Բայց չեմ կարծում, որ երկար կարող ենք սպասել։, «Տունն ապրողին է, հողը մշակողինը», այդ սկզբունքն ենք ուզում կյանքի կոչել»։

Քաշաթաղի 54 դպրոցներից միայն մեկն է մնացել։ Պատերին՝ արցախյան շարժման պատմությունը։ Հնի կողքին դպրոցի նոր շենք է կառուցվում։ Դպրոցի տնօրեն Պողոս Աղաբեկյանն ասում է՝ ամեն օր պիտի աշխատեն, որ իրենց դպրոցը լավագույնը լինի։
«Մենք ուսուցչի խնդիր ունենք։ Ուսուցիչները դեռ գյուղ չեն վերադարձել։ Հույս ունենք՝ մեկ շաբաթվա ընթացքում այդ խնդիրը կլուծվի։ Առաջին հերթին անվտանգության հարցն են բարձրացնում, որքանով է ապահով, որ գան ու աշխատեն։ Ես մտածում եմ այսպես մնալով ու աշխատելով կարող ենք պահել։ Անում ենք ամեն ինչ, որ սեպտեմբերի 25 –ի նույն կարգավիճակին հասնենք»։
Դասերն Աղավնոյի դպրոցում վերսկսվել են հունվարի 11-ից։ Այդ օրը դպրոց եկել է 10-ը աշակերտ, մեր այցելության պահին 18–ն էին։
«Ես 13 տարի ապրել եմ Բերձորում։ Սա իմ գյուղն է, ուր պետք է մնամ։ Հիմա մենք ավելի համախմբված ենք։ Ճիշտ է՝ մի քիչ քիչ ենք, բայց ամեն օր մեր շարքերը ավելանում են»,–ասում է Աղավնոյի բնակիչ Անի Գրիգորյանը։


Գյուղում խաղահրապարակ էլ է կառուցվում։ Անգամ պատերազմի օրերին շինաշխատանքները չեն դադարեցվել։ Գյուղապետն է պատմում․
«Դա յուրահատուկ մեսիջ էր, քանի որ ես ընտրել եմ կյանքի ճանապարհը։ Մենք ահաբեկիչներ չենք, կառուցող մարդիկ ենք։ Մի քիչ անսովոր էր, բայց մեր մեջ պայքար կար, որ էլի պիտի վերակառուցենք։ Քանդում եք տները, մենք նոր ենք կառուցում։ Ուրիշ։ Իսկ մնալուն չենք էլ անդրադառնում, քանի որ եթե այսքանի միջով անցել ենք ու մնացել ենք, ուրեմն, չենք էլ գնալու»։
Անդրանիկ Չավուշյանի 5 երեխաներն անգամ պատերազմի օրերին գյուղից դուրս չեն եկել։ Կինը՝ Քրիստինե Խալափյանը վստահ է՝ ճիշտը դա էր։
«Ինչպես ամուսինս է ասում հիվանդ մորը նայում են, ոչ թե թողում ու հեռանում են։ Հիմա այդ վիճակն է, ու մենք պարտավոր ենք պահել մեր հողը»։
Լիբանանից Աղավնո տեղափոխված Չավուշյանները Արցախից չեն հեռանալու․ ասում են՝ հողը պահում ենք զենքով ու երգով:

Արմինե Գևորգյան