Բավ է պառակտվել
30-08-2022 20:26

Բերման է ենթարկվել Արցախի նախկին պաշտպանության նախարարը

Արցախի նախկին պաշտպանության նախարար Միքայել Արզումանյանի ձերբակալության հետ կապված իրավիճակի զարգացումները գտնվում են Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանի ուշադրության կենտրոնում, ասել է ԱՀ նախագահի մամլո քարտուղար Լուսինե Ավանեսյանը, պատասխանելով Արմենպրեսի հարցմանը։

Նա նշել է, որ Արցախի Հանրապետության պաշտպանության նախկին նախարար, Պաշտպանության բանակի նախկին հրամանատար, Արցախի Հանրապետության նախագահի գործող գլխավոր խորհրդական Միքայել Արզումանյանին բերման ենթարկելու մասին նախագահ Հարությունյանը տեղեկացված չի եղել:

«Գեներալ Արզումանյանին նախագահը համարում է մեր լավագույն զորահրամանատարներից մեկը, ով ունի անցած փառավոր ճանապարհ: Անուրանալի են նրա գործադրած ջանքերը նաև 2020թ.-ի պատերազմի ժամանակ: Ճիշտ է՝ բանակի հրամանատարությունը նա ստանձնել է պատերազմի ավարտից ընդամենը 12 օր առաջ, բայց գործադրել է մեծածավալ ջանքեր ռազմական գործողությունների արդյունավետ վարման ուղղությամբ: Հուսով ենք, որ ձերբակալության հանգամանքները շուտափույթ կերպով կպարզվեն: Գեներալ Արզումանյանի ձերբակալության հետ կապված իրավիճակի զարգացումները գտնվում են նախագահ Հարությունյանի ուշադրության կենտրոնում»,- նշել է Ավանեսյանը:

Ավելի վաղ լրատվամիջոցները հայտնել էին, որ Արզումանյանը բերման է ենթարկվել Արցախից Երևան գալու ճանապարհին։ Նա բերման է ենթարկվել Հայաստանի քննչական կոմիտեի զինվորական վարչության քննիչների հանձնարարությամբ։