Բավ է պառակտվել
30-11-2022 11:54

Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքի փակումը կնշանակի հարձակում Արցախի և ռուս խաղաղապահների վրա. Դավիթ Բաբայան.

Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքի փակումը կունենա շատ լուրջ աշխարհաքաղաքական հետևանքներ, քանի որ, ըստ էության, դա կլինի ոչ այլ ինչ, քան հարձակում Արցախի վրա։ Այս մասին ասել է Արցախի ԱԳՆ ղեկավարի պաշտոնակատար Դավիթ Բաբայանը։

«Սա սարսափելի հարված կլինի նաև ռուս խաղաղապահներին, քանի որ ադրբեջանա-արցախյան երրորդ պատերազմից հետո 2020 թվականին հիմնադրված խաղաղ կարգավորման ողջ տրամաբանությունն, ըստ էության, կվերացվի»,- News.am-ին տված հարցազրույցում ասել է նա։

Միաժամանակ Բաբայանը չի կարծում, որ բոլոր կողմերը, միջազգային հանրությունը անտարբեր նայելու են այդ ամենին։
Նա նաև հավելել է, որ հրադադարի պարբերական խախտումները Ադրբեջանի հայատյացության քաղաքականության հետևանք են։

Ավելի վաղ ՀՀ հատուկ հանձնարարություններով դեսպան Էդմոն Մարուքյանը կտրականապես հերքել էր Բաքվի կեղծ քարոզչական հայտարարությունները, թե իբր Լաչինի միջանցքով ապօրինի կերպով զորք և զենք է փոխադրվում Արցախ։ Նա նշել էր, որ Ադրբեջանը դա անում է Լաչինի միջանցքով երթևեկության ռեժիմը փոխելու և այնտեղ անցակետ ստեղծելու համար, և ընդգծել, որ դա կլինի 2020 թվականի նոյեմբերի 9-ի հայտարարության կոպտագույն խախտում։