Բավ է պառակտվել
20-05-2017 14:00

Չի բացառվում ապրիլյան ողբերգական դեպքերի կրկնությունը. Վլադիմիր Եվսեև

2016 թ. ապրիլի 2-ից 5–ը ադրբեջանական զինված ուժերն ակտիվ մարտական գործողություններ էին վարում` գնդակոծելով Լեռնային Ղարաբաղի Հանրապետության դիրքերն ու բնակավայրերը, շփման գծի գրեթե ողջ երկայնքով՝ հրթիռահրետանային զենքի, զրահատեխնիկայի և օդուժի կիրառմամբ։

ԼՂՀ պաշտպանության բանակին հաջողվել էր ճնշել հակառակորդի ագրեսիվ գործողությունները` թշնամուն պատճառելով կենդանի ուժի և տեխնիկայի մեծ կորուստներ։
« Դա հնարավոր է դարձել ուժերի հավասարակշռության վերականգնման արդյունքում: Ադրբեջանի կողմից վերջերս ԼՂՀ տարածքի հրթիռակոծումը վկայում է այն մասին, որ Ադրբեջանը չի ցանկանում կանգ առնել»,- շաբաթ օրը, « Անվտանգությունը Հարավային Կովկասում՝ չճանաչված պետությունների քաղաքական ինստիտուտների զարգացման լույսի ներքո» անվանումը կրող միջազգային կլոր սեղանի շրջանակներում լրագրողներին այս մասին ասել է ԱՊՀ երկրների ինստիտուտի փոխտնօրեն Եվսեևը:
Երկուշաբթի օրը Արցախի ՊՆ-ն հայտնել էր ադրբեջանական զինուժի հերթական սադրանքի մասին, որի ժամանակ կառավարվող հրթիռի միջոցով հարված էր հասցվել Ղարաբաղի ՊԲ ռազմական օբյեկտի:
« Ես գտնում եմ, որ նման պայմաններում հարկավոր է պատրաստվել հնարավոր սրմանը և ապրիլյան դեպքերի կրկնությանը»,- ընդգծել է Եվսեևը:
Հիշեցնենք, որ Ղարաբաղյան հակամարտությունը սկիզբ է առել 1988 թվականին, այն բանից հետո, երբ մեծամասամբ հայերով բնակեցված Լեռնային Ղարաբաղը հայտարարեց Ադրբեջանի կազմից դուրս գալու մասին: 1991թ. Դեկտեմբերի 10-ին Լեռնային Ղարաբաղում տեղի ունեցավ հանրաքվե, որի ժամանակ բնակչության 99,89%-ը կողմ արտահայտվեցին Ադրբեջանից անկախանալուն:
Դրանից հետո Ադրբեջանի նախաձեռնած լայնամասշտաբ ռազմական գործողությունները հանգեցրին այն բանին, որ այն կորցրեց վերահսկողությունը ո՛չ միայն Ղարաբաղի, այլ նաև հարակից 7 շրջանների վրա:
1994թ. մայիսի 12-ից, զինադադարի վերաբերյալ եռակողմ համաձայնագիր կնքելուց հետո, հակամարտության գոտում ռազմական գործողությունները դադարեցվել էին: Դրանց արդյունքում երկու կողմերը միասին տվել են 25-30 հազար զոհ, և գրեթե մեկ միլիոն մարդ ստիպված է եղել լքել իր տունը:
Հրադադարի պահպանման մասին համաձայնագիրը գործում է մինչ օրս:
1992 թվականից մինչ օրս բանակցություններ են ընթանում ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակներում հակամարտության խաղաղ կարգավորման վերաբերյալ: Հիշեցնենք, որ Մինսկի խմբի համանախագահներն են ԱՄՆ-ը, Ռուսաստանը և Ֆրանսիան: