Բավ է պառակտվել
25-05-2022 19:26

Փաշինյանը խոստացել է փաստաթղթեր գաղտնի չստորագրել․ Արայիկ Հարությունյան

Արցախի ժողովրդի և իշխանությունների համար խիստ անընդունելի է Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելի հայտարարության մեջ տեղ գտած «Ղարաբաղի էթնիկ հայ բնակչության իրավունքներն ու անվտանգությունը» ապահովելու մասին ձևակերպումն։ Այս մասին ասել է Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանը։

Նախագահի մամլո ծառայությունից հայտնում են, որ Հարությունյանը չորեքշաբթի Անվտանգության խորհրդի ընդլայնված նիստ է հրավիրել՝
ընդառաջելով մայիսի 24-ին Արցախի Հանրապետության խորհրդարանում ներկայացված քաղաքական կուսակցությունների՝ Հանրապետության նախագահին ուղղված նամակին։

Նախագահն ընդգծել է, որ Միշելի ձևակերպումը չի արտահայտում անցած երեսուն տարիների ընթացքում միջազգային հանրության համար հստակ ձևակերպված արցախահայության պահանջներն ու ձգտումները, որոնց հիմքում դրված է ժողովուրդների ինքնորոշման իրավունքը:

Նա հայտնել է, որ հնարավորություն է ունեցել ՀՀ վարչապետի հետ հանդիպել և քննարկել մայիսի 22-ին Բրյուսելում վերջինիս հանդիպումը Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի։ Այդ առթիվ նա ցանկանում է մեկ անգամ ևս հաստատել, որ Արցախի ճակատագրի ու կարգավիճակի որոշման բացառիկ իրավունքը պատկանում է Արցախի ժողովրդին ու իշխանություններին: Նրա խոսքով՝ վարչապետ Փաշինյանն ընդգծել է, որ որևէ մեկը չի կարող և չի պատրաստվում Հայաստանի ու Արցախի ժողովրդի թիկունքում ինչ-որ փաստաթուղթ ստորագրե։ Եթե կլինի կոնկրետ առաջարկ կոնկրետ լուծումների մասին, ապա այն կքննարկվի Արցախի իշխանությունների հետ և հանրությունը դրա մասին տեղեկացված կլինի պատշաճ ձևով:

Հարությունյանը շեշտել է, որ Արցախն անշեղորեն շարունակում է իր ժողովրդի ինքնորոշման իրավունքի լրիվ ու անվերապահ իրացման միջոցով անկախության միջազգային ճանաչման ուղին։ Նա ևս մեկ անգամ ասել է, որ արցախցիների իրավունքների ու անվտանգության պատշաճ ապահովումը հնարավոր է բացառապես Ադրբեջանի կազմից դուրս: