Բավ է պառակտվել
14-04-2020 16:26

Ցանկանում եմ, որ հաջորդ նախագահն իր առաքելությունը կատարի պատասխանատվությամբ. Բակո Սահակյան


Արցախի նախագահ Բակո Սահակյանը մասնակցել է նախագահական ընտրությունների երկրորդ փուլի քվեարկությունին:
Խոսելով այն մասին, թե ինչ է մաղթում Արցախի երկրորդ նախագահին, Սահակյանը ասաց, թե ցանկանում է, որ հաջորդ նախագահն իր առաքելությունը կատարի պատասխանատվությամբ.
«Այդ պատասխանատվությունը բոլոր առումներով կնպաստի, որպեսզի նրա գործունեությունը բոլոր առումներով լինի հաջողված, կնպաստի, որպեսզի լուծվեն այս պահին չլուծված խնդիրները: Այն նաև բարենպաստ պայմաններ կստեղծի հաջորդ նվաճումերն արձանագրելու համար»:
Հարցին արդյո՞ք ընտրությունները չեն նպաստի վարակի տարածմանը, Բակո Սահակյանը նշեց, որ մեր միջգերատեսչական հանձնաժողովն ունակ է իր առջև դրված խնդիրներն այդ համադրելիության շրջանակներում իրականացնել:
Վերջինիս խոսքով առաջին հերթին գործողություններն ուղղված են Արցախի քաղաքացիների առողջությունն ապահովելուն, զուգահեռ ամեն ինչ արվում է, որպեսզի տնտեսությունն անկում չապրի:
«Ես արդարացնում եմ այդ մոտեցումը: Ընտրությունների մասով մենք հաշվի ենք առել լրացուցիչ ռիսկերը և հավելյալ հնարավորություններ ենք ստեղծել, որպեսզի ընտրությունների անցկացումն այդպիսի լրացուցիչ ռիսկեր չստեղծեն։ Ամբողջությամբ արդարացված ու հիմնավորված եմ համարում պետության կողմից գործադրված քայլերը: Հակասություններչ չենք տեսնում, ճիշտ հակառակը: Մենք գործել ու գործելու ենք իրավիճակի պահանջներին համապատասխան, մեր գործողությունները նպատակ են հետապնդում նպաստավոր պայմաններ ստեղծելու մեր հայրենիքի համար: Մենք հաստատակամ ենք ապահովելու մեր երկրի զարգացումը, անվտանգության ապահովումը, տնտեսության զարգացումը»,- ասել է Սահակյանը:
Ըստ նրա՝ երկրորդ փուլի մասնակիցներն ավելի քիչ են լինելու, քան առաջին փուլում են եղել և դա պայմանավորված է անվտանգության կանոնների պահպանմամբ և ընտրությունների երկրորդ փուլի յուրահատկությամբ։

 

 

Արմինե Գևորգյան