Բավ է պառակտվել
06-01-2023 14:10

Մեր հայրենիքը նվաճել ցանկացողները եկել ու գնացել են, հազարամյակներով ապրել ենք այս սուրբ հողի վրա. Վարդանյան

Մեր հայրենիքը նվաճել ցանկացողները եկել ու գնացել են, իսկ մենք հազարամյակներով ապրել ենք այս սուրբ հողի վրա ու շարունակելու ենք ապրել: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է Արցախի պետնախարար, օպերատիվ շտաբի պետ Ռուբեն Վարդանյանը։

«Այս տարի Սուրբ Ծննդյան և Աստվածահայտնության տոնը չափազանց անսովոր պայմաններում ենք նշում Արցախում: Բայց մեր ժողովրդին հնարավոր չէ ընկճել դժվարություններով: Ոչ մի շրջափակում, ոչ մի ճնշում, ոչ մի սպառնալիք ի զորու չէ կոտրել արցախցու ոգին, կամքը, հայրենի հողում ապրելու վճռականությունը:
Մենք մեր պատմության մեջ շատ ավելի բարդ փուլեր ենք ունեցել: Մեր հայրենիքը նվաճել ցանկացողները եկել ու գնացել են, իսկ մենք հազարամյակներով ապրել ենք այս սուրբ հողի վրա ու շարունակելու ենք ապրել:
Ցանկացած ծանր շրջան անցողիկ է, մնայուն են մեր արժեքները, մեր ժառանգությունը, մեր հավատը»,- գրել է Վարդանյանը։

Արցախի և Լաչինի միջանցքի շրջափակման 26-րդ օրը

Ադրբեջանի հերթական սադրանքի արդյունքում դեկտեմբերի 12-ի առավոտից Արցախի Հանրապետությունը գտնվում է շրջափակման մեջ, խախտվել են երկրի 120.000 բնակչության, այդ թվում՝ 30.000 երեխայի իրավունքները։

Ադրբեջանական կողմը, իբր «էկոլոգիական նկատառումներով», շարունակում է ամբողջությամբ փակ պահել Ստեփանակերտ-Գորիս միջպետական ​​մայրուղին, որը Արցախը Հայաստանի հետ կապող միակ ճանապարհն է։ Արդյունքում 1100 մարդ, այդ թվում՝ 270 երեխա, չեն կարողանում տուն վերադառնալ։

Դեկտեմբերի 13-16-ը Ադրբեջանը դադարեցրել էր գազի մատակարարումն Արցախ։ Ներկայումս հանրապետությունն ապրում է ռեսուրսների, սննդի, դեղորայքի և այլ կենսական նշանակության ապրանքների խնայողության ռեժիմով։