Բավ է պառակտվել
12-11-2020 23:47

Հադրութցի կանայք իրենց տունն ու հայկական հողն են պահանջում

 

Հադրութից տեղահանված և Երևանում ապաստանած բնակիչները չեն համակերպվում ծննդավայրը կորցնելու հեռանկարի հետ և պատրաստվում են պայքարել անարդարության դեմ։ Այսօր նրանք բողոքի ակցիա էին իրականացնում ֆրանսիական դեսպանատան առջև, որի ընթացքում հանդիպեցին ՀՀ-ում Ֆրանսիայի արտակարգ և լիազոր դեսպան Ջոնաթան Լաքոտի հետ։
«Ես հարդութցի չեմ, երևանաբնակ լոռեցի եմ, ով պատերազմական գործողությունների առաջին ժամերից Հադրութում էր։ Այս անմարդկային պատերազմը, փաստորեն, տեղահան արեց հադրութցիներին, թեև բոլորն էլ վստահ են՝ ժամանակավոր։ Ես, հադրութցիների աչքերին նայելով, զգում եմ վստահություն, որ մենք պայքարով հետ ենք բերելու մեր հողերը։ Եվ այդ պայքարը կասեցնելը մենք համարում ենք դավաճանություն։ Հադրութի հետ մենք ունենք շատ նպատակներ, ձգտումներ...։ Ես հավատով լի եմ, որ Հադրութը վերադարձվելու է հայերին։ Պայքարենք և հուսանք»,- լրագրողների հետ զրույցում ասաց ակցիայի մասնակիցներից մեկը։
Իր բողոքի ձայնը հնչեցնող հադրութցիներից մեկն էլ նշեց՝ Հադրութը երբևէ չի եղել Ադրբեջանի կազմում, ինքնավարի կազմում է եղել, և իրենք ակցիա են իրականացնում՝ հուսալով, որ ինչ-որ կերպ կարող են պաշտպանել այն։


«Հիմա մեր իրավունքները՝ որպես մարդ, խախտված են։ Եվ եկել ենք միջազգային հանրությանը հայտնելու, որ մենք իրավունք ունենք ապրելու, իրավունք ունենք մեր ստեղծածը պահելու։ Մենք ուզում ենք հանդիպել դեսպանին, որպեսզի փոխանցենք մեր մտքերը։ Հուսով ենք, որ Ֆրանսիան ինչ-որ չափով կաջակցի մեզ»,- ասաց նա, ապա ցավով նշեց, որ շատ հադրութցիներ անգամ իրենց անձնագրերն ու ծննդյան վկայականները չեն կարողացել բերել Հայաստան։
Չնայած ակցիային մասնակցելուն,  որոշ հադրութցիներ որևէ հույս չեն փայփայում։
Իսկ դեսպան էլ նշեց,որ Ֆրանսիայի դեսպանատունը միշտ բաց է հադրութցիների համար։ Այս պահին շատ լարված իրավիճակ է ստեղծվել, մենք տեղյակ ենք, որ Հադրութ քաղաքը և հադրութցիները ամենաշատ տուժած կողմն են այս կոնֆլիկտում։


«Հայաստանում իրավիճակը շատ բարդ է, կան բազում հարցեր ստորագրված համաձայնագրի հետ կապված։ Ֆրանսիական կողմը նույնպես ունի շատ հարցեր, քանի որ չի ստորագրել փաստաթուղթը։ Մեր առաջնահերթություններից է օգնել այն մարդկանց, ովքեր սանձազերծված ագրեսիայի արդյունքում տուժել են»,–ասաց դեսպանը։
Ջոնաթան Լաքոտը նշեց,որ նախագահ Էմանուել Մակրոնն այսօր հանդիպումներ է ունենալու հայկական պատվիրակությունների հետ, և երեկ նա հայտարարել է, որ ստորագրված փաստաթուղթը պետք է ներկայացնի նաև հայկական կողմի շահերը։
«Այս ակցիայից ոչ մի հույս չեմ կարող ունենալ։ Իմ հույսն այն ժամանակ կտրվեց, երբ ստորագրվեց այս ապերախտ փաստաթուղթը։ Մինչև այսօր մենք մտածում էինք, որ գոնե կվերադառնանք մեր տները, մեր հայրենիք։ Հիմա էս փաստաթուղթը ստորագրվեց, էլ ի՞նչ հույսի մասին է խոսքը։ Եթե Արցախին ստատուս տային, եթե Արցախի անկախությունը ճանաչեին...։ Իսկ եթե այսօր պետք է գնանք թուրքի մոտ ապրենք, էլ ինչի՞ մասին է խոսքը, ավելի լավ չէ՞ր սաղին տանեին Քուռը գցեին։ Էս ինչ օրի ենք»։
Հադրութցի կանայք հույս ունեն, որ միջազգային հանրությունը և հատկապես Ֆրանսիան՝ որպես Մինսկի խմբի համանախագահող երկիր, ջանքեր կգործադրի, որ Հադրութը չլինի Ադրբեջանի կազմում։

 

Արմինե Գևորգյան