Բավ է պառակտվել
06-01-2023 12:00

Արցախցիները Սուրբ Ծննդյան գիշերն անգամ մոմից են զրկված. Բեգլարյան

Արցախի 120 հազար բնակիչ Սուրբ Ծնունդը տոնում է լիակատար շրջափակման մեջ։

«Սուրբ Ծննդյան գիշերը խանութներում անհնար է գտնել նույնիսկ մոմ, որ եկեղեցուց լույս բերեն տուն»,- թվիթերյան իր միկրոբլոգում գրել է Արցախի պետնախարարի խորհրդական Արտակ Բեգլարյանը՝ հրապարակելով Ստեփանակերտի ժամերգության տեսանյութը։

Տեսանյութը կարելի է դիտել հղումով։

Արցախի և Լաչինի միջանցքի շրջափակման 26-րդ օր

Ադրբեջանի հերթական սադրանքի արդյունքում դեկտեմբերի 12-ի առավոտից Արցախի Հանրապետությունը գտնվում է շրջափակման մեջ, խախտվել են երկրի 120.000 բնակչության, այդ թվում՝ 30.000 երեխայի իրավունքները։

Ադրբեջանական կողմը, իբր «էկոլոգիական նկատառումներով», շարունակում է ամբողջությամբ փակ պահել Ստեփանակերտ-Գորիս միջպետական ​​մայրուղին, որը Արցախը Հայաստանի հետ կապող միակ ճանապարհն է։ Արդյունքում 1100 մարդ, այդ թվում՝ 270 երեխա, չեն կարողանում տուն վերադառնալ։

Դեկտեմբերի 13-16-ը Ադրբեջանը դադարեցրել էր գազի մատակարարումն Արցախ։ Ներկայումս հանրապետությունն ապրում է ռեսուրսների, սննդի, դեղորայքի և այլ կենսական նշանակության ապրանքների խնայողության ռեժիմով։