Բավ է պառակտվել
21-11-2019 15:38

Հախնազարյանները մեկ բեմում (Լուսանկարներ)

 
Նոյեմբերի 22-ին Արամ Խաչատրյան համերգասրահում տեղի կունենա Մոսկվայի Չայկովսկու անվան կոնսերվատորիայի պրոֆեսոր, ջութակահար Սուրեն Հախնազարյանի 70-ամյակին նվիրված հոբելյանական համերգ, որին կմասնակցի երաժշտական մեծ ավանդույթներ ունեցող Հախնազարյանների ողջ ընտանիքը՝ դաշնակահարուհի Գայանե Հախնազարյանը, թավջութակահար Նարեկ Հախնազարյանը և դիրիժոր Տիգրան Հախնազարյանը: Հոբելյարը ևս համերգին կմասնակցի իր կատարումներով։ Մաեստրո Էդվարդ Թոփչյանն էլ պատմեց, որ այս համերգի գաղափարը ծնվել է շատ պատահական և կյանքի է կոչվում ընտանիքի լավ բարեկամ, ջութակահար Խաչատուր Ալմազյանի աջակցությամբ։
Սուրեն Հախնազարյանը 2008–ից Մոսկվայի Չայկովսկու անվան կոնսերվատորիայի ջութակահարների ամբիոնի վարիչն է։ Ու պատահական չէ, որ նրա հոբելյանն առաջինը նշվել է հենց Մոսկվայում։ Անվանի ջութակահարը պատմում է, որ Մոսկվայի համերգի ժամանակ Նարեկը և կինը՝ Գայանեն, իրեն յուրահատուկ նվեր են մատուցել։ Բաբաջանյանի պիեսները, որոնք գրված են ջութակի համար, Նարեկը կատարել է թավջութակով, ու ստեղծագործությունը բոլորովին այլ շունչ է ստացել։ Հարցնում եմ՝ ստեղծագործությունը տուժե՞ց, թե՞ շահեց։
«Հետաքրքիր էր »։

 
Արդեն տարիներ Հախնազարյան Տրիոն հանդես է գալիս աշխարհի տարբեր բեմերում։ Արդյո՞ք ընտանիքի անդամները մասնագիտական վեճեր ունենում են կամ ո՞ւմ կատարումից եք ավելի շատ հուզվում՝ հարցնում եմ Գայանե Հախնազարյանին
«Իհարկե, մենք վեճեր ունենում ենք, որովհետև ամեն մեկս իր մոտեցումն ունի: Երբ նվագում եմ Սուրենի հետ, մեր պրոֆեսիոնալ գաղափարներն այնքան մոտ են, որ իրար շատ օգնում ենք, լրացնում, ում մոտ ինչ բաց կա: Նարեկը կարողանում է քեզ այնպիսի աշխարհ տանել, որ չես հասկանում, թե ինչ է քեզ հետ կատարվում, գնում ես՝ առանց մտածելու, գնում ես՝ հավատալով ու մեծ հաճույք ստանալով: Ինքս անձամբ հաճույք եմ ստանում: Նարեկը մեր ամենախիստ քննադատողն է»,–ասաց Գայանե Հախնազարյանը։
Նարեկն էլ հումորով նկատում է, որ շատ խստապահանջ է երաժիշտների նկատմամբ։ Չի համաձայնում այն դիտարկմանը, թե ինքն է տրիոյի լիդերը։
«Երբ նոյեմբերի 11-ին համերգով նշվում էր հայրիկի հոբելյանը ես ուղղակի ապշած էի։ Եզակի երաժիշտներ կան, որոնք այս հասակում և չունենալով մեծ համերգային պրակտիկա, քանի որ իրենց կյանքը նվիրել են դասավադմանը, դաստիարակում են մի քանի սերունդ, կարող են այդպիսի ծրագիր նվագել ու նվագել փայլուն:»:
Իսկ Երևանյան համերգին հանդիսատեսը ունկնդրելու է Սեն–Սանսի «Մուսան և պոետը» և Ջովաննի Սոլլիմայի Tarantulae Gadenzas ստեղծագործությունը՝ գրված թավջութակի , ջութակի ու նվագախմբի համար։ Սուրեն Հախնազարյան
«Որտեղից Սեն-Սանսը ծնվեց: Կարող էինք այլ գործ էլ նվագել: Նարեկն այսպիսի ձևով ինձ դիմեց՝ կկարողանաս նվագել Սեն-Սանս: Այդ գործը չէի հիշում, բայց առանց մտածելու ասացի՝ իհարկե, կարող եմ: Հարցն այնպես էր դրված, որ չէի կարող ասել՝ կնայեմ նոտաներն ու նոր կասեմ»,–ասաց Սուրեն Հախնազարյանը։
Տարիների ձեռքբերումներից Հախնազարյանն իր մեծագույն նվաճումը համարում է իր ընտանիքը: Որպես երաժիշտ՝ կարևորում է Կոմիտասի անվան լարային քառյակում նվագելը: 1974 թվականից դասավանդում է, ասում է ՝ ուսանողների հետ աշխատանքը մշտապես լավ վիճակում է պահում։
«Հրաշալի ու տաղանդավոր սերունդ ունենք։ Երբ իմ ուսանողների մեջ հայեր են լինում, անմիջապես զգում եմ, գենետիկան ուրիշ է, տաղանդավոր են: Այդ տարբերությունը ես զգում եմ»,–ասաց Սուրեն Հախնազարյանը,իսկ կրտեսեր Հախնազարյանն էլ հավելեց ,որ տաղանդավոր թավջութակահարներ էլ կան նրանց շարքերում։
Այստեղ մաեստրո Էդուարդ Թոփչյանը զարմացած հայացքով նայեց Նարեկ Հախնազարյանին ու խնդրեց իրեն փոխանցել տաղանդավոր թավջութակահարների տվյալները։ Ինչո՞ւ զարմացավ դիրիժորը, արդյոք չունե՞նք տաղանդավոր սերունդ։ Թոփչյանը ուղղեց՝ տաղանդավորներ ունենք, բայց կրթական մակարադակը բոլորվին այլ հարթությունում է ։
«Մենք պետք է մեր կրթական համակարգի մասին շատ լուրջ մտածենք: Ես սա միշտ ասել էլ, հիմա էլ եմ ասում: Չգիտեմ՝ ով պետք է մտածի, բայց ինձ թվում է կրթական համակարգում էլ հաշիվը 9:1 է» Հրաշալի է, որ ամբողջ աշխարհում կան շատ լավ ու հաջողությունների հասած հայ երաժիշտներ, երգիչներ, որոնք հիմնականում կրթությունը դրսում են ստացել, բայց Հայաստանում ամեն ինչ վտանգված է: «Ամեն ինչում մարդը պետք է լինի պրոֆեսիոնալ: Մենք հիմա սովոր ենք խոսել: Խոսելով չի լինի: Երևի մի քանի տասնամյակ էլ կկորցնենք, մինչև այդ բանը հասկանանք: Իսկ մենք խոսում ենք, PR-ներ ենք անում:
Վերադառնալով համերգի թեմային՝ Նարեկ Հախնազարյանին հարցրեցինք, իսկ երևանյան համերգի ժամանակ ի՞նչ նվեր է պատրաստել հայրիկին՝
«Կոնյակ » - պատասխանեց Նարեկը։

 

 

Արմինե Գևորգյան