Բավ է պառակտվել
04-02-2015 09:19

Աքինը պարզաբանել է Հայոց Ցեղասպանության մասին ֆիլմ նկարահանելու պատճառները

Թուրքական ծագմամբ գերմանացի ռեժիսոր Ֆաթիհ Աքինը, ով երեքշաբթի Մոսկվայում ներկայացրել Օսմանյան կայսրությունում Հայոց Ցեղասպանության մասին իր նոր «Սպին» անվանմամբ ֆիլմը, պատմել է ՌԻԱ-Նովոստիի թղթակցին այն մասին, թե ինչու է նա ընտրել իր հայրենիքում արգելված այդ թեման և ինչպիսի արձագանքների է այն արժանացել: 1915 թվականի ողբերգական իրադարձությունների ժամանակ իր դուստրերին կորցրած հայազգի Նազարեթ Մանուկյանի թափառումների մասին ֆիլմը ներառվել է Վենետիկի 71-րդ կինոփառատոնի ծրագրում: Ֆիլմի նկարահանումներին մասնակցել է յոթ երկիր՝ Գերմանիա, Ֆրանսիան, Իտալիան, Կանադան, Լեհաստանը, Թուրքիան և Ռուսաստանը: Ռուսաստանյան կողմից որպես պրոդյուսերներ հանդես են եկել Ռուբեն Դիշդիշյանը և Արամ Մովսեսյանը Մարս Մեդիա կինոընկերությունից: «Ես սկսեցի նկարահանել այս ֆիլմը, որովհետև ինձ համար անհարմար է եղել Թուրքիայում Հայոց Ցեղասպանության թեմայի շուրջ ստեղծված իրավիճակը: Այդ մասին խոսելը արգելված էր:Որպես արվեստագետ ես այդ սխալ էի համարում և որոշեցի բարձրաձայնել այդ հարցը, որպեսզի քննարկում սկսվի», - պատմել է Աքինը: Ռեժիսորի խոսքով՝ Թուրքիայում երիտասարդներից շատերը չգիտեն, թե ինչպիսի սարսափելի ողբերգություն է տեղի ունեցել Թուրքիայում հարյուր տարի առաջ: «Թուրքիան չի ճանաչում Ցեղասպանությունը, սակայն այնտեղ արդեն գոյություն ունի քաղաքացիական շարժում, որը աստիճանաբար աճում է, և, հնարավոր է, որ իմ ֆիլմը իր ներդրումն ունենա այս շարժման հետագա աճի մեջ»,- ասել է Աքինը՝ հավելելով, որ նա իր միջով է անցկացրել գլխավոր հերոսի պատմությունը: Ֆիլմի պրեմիերան տեղի է ունեցել դեկտեմբերին Ստամբուլում: Երևանում հունվարի 30-ին կայացել է ֆիլմի փակ դիտում: Ֆաթիհ Աքինի խոսքով, Թուրքիայում ֆիլմի շնորհանդեսը եղավ հրաշալի և միաժամանակ տխուր. «Հրաշալի, որովհետև ֆիլմի դիտումից հետո մարդիկ կիսվում էին տպավորություններով, քննարկում էին, իսկ տխուր, քանի որ մենք չկարողացանք պայմանավորվածություն ձեռք բերել կինոթատրոնների հետ լայն վարձույթի հարցի շուրջ: Մարդիկ վախենում էին սադրանքներից և բախումներից»: Նրա խոսքով՝ ֆիլմի դիտումը 24 կինոթատրոնում անցավ լուռ և աննկատ, առանց գովազդի: «Իսկ Երևանում հայերը ցնցվել էին, որովհետև նման թեմայով ֆիլմը թուրք է նկարահանել», - ասել է Աքինը: «Երևանում ֆիլմը ջերմ ընդունելության արժանացավ: Հայերը այլ կերպով են ընդունում այդ ֆիլմը: Մենք սկսում ենք տառապել հենց առաջին կադրերից,որովհետև գիտենք, թե ինչ տեղի կունենա: Այդ ապրում է մեզանում գենետիկ մակարդակի վրա, մենք ծնվում ենք դրանով: Ամեն հայ ընտանիքիր պատմությունն ունի», - պատմել է ֆիլմում գլխավոր հերոսի կնոջ դերը կատարող դերասանուհի Ավերիկ Մարտիրոսյանը: Դերասանուհու խոսքով՝նա նույնպես ցնցվել էր, երբ իմացավ, թե ինչպիսի թեմայով է ֆիլմ նկարահանելու թուրք ռեժիսորը: «Ֆաթիհը Փարիզում անգլախոս հայ դերասանների էր փնտրում: Երբ եկա նրա հետ հանդիպման, ես անգամ գաղափար չունեի, թե ինչի մասին է խոսքը, ամեն ինչ գաղտնի էր պահվում, մինչև ես չլսեցի Ֆաթիհի հարցազրույցը ապագա ֆիլմի մասին», - պատմել է ՌԻԱ-Նովոստիին Մարտիրոսյանը:
Ինչպես պատմել է Աքինը, Վենետիկի փառատոնից հետոնրա հասցեին թուրք ազգայնականներից սպառնալիքներ սկսեցին հնչել: «Մենք այդ շատ լուրջ չընդունեցինք, սակայն այժմ, երբ մենք ներկայացնում ենք ֆիլմը, ես թիկնազորի հետ եմ զբոսնում: Մինչ ֆիլմի ցուցադրությունը Թուրքիայում ինձ շատ էին սիրում, իսկ այժմ ինձ ոչ ոք չի սիրում», - ասել է Աքինը: Ժապավենում գլխավոր հերոսի դերը կատարել է ալժիրյան ծագմամբ ֆրանսիացի դերասան Թահար Ռահիմը: «Ես այդ դերասանին տեսա Ժաք Օդիարի «Մարգարեն» ֆիլմում և անմիջապես որոշեցի, որ կնկարահանեմ նրան Նազարեթի դերում», - պատմել է ռեժիսորը: «Մարգարեն» ֆիլմում կատարած դերի համար, որի պրեմիերան կայացավ 2009 թվականին Կաննի փառատոնում, Ռահիմը ստացավ Ֆրանսիայի «Սեզար» գլխավոր մրցանակը: «Սպին» ֆիլմի սցենարը գրել է հայկական ծագմամբ ամերիկացի սցենարիստ Մարդիկ Մարտինը, ով նախկինում հանդես է եկել որպես Մարտին Սկորսեզեի վաղ ֆիլմերի սցենարների հեղինակ («Չար փողոցները», «Կատաղած ցուլը»): Ֆիլմը Ռուսաստանում կցուցադրվի փետրվարի 19-ին՝ 1915 թվականին տեղի ունեցած Հայոց Ցեղասպանության զոհերի հիշատակի հարյուրամյակի կապակցությամբ: Ֆաթիհ Աքինը Վենեցիայի և Բեռլինյան կինոփառատոնների մրցանակակիր է: Նրա դեբյուտը կայացել է 1998 թվականին «Արագ և առանց ցավի» ֆիլմով, որը ստացավ «Բրոնզե հովազ» Լոկառնոյում և «Pierrot» մրցանակը Մյունխենում: 2004 թվականին նրա «Գլուխը պատով» կինոժապավենը ստացավ Բեռլինյան կինոփառատոնի «Ոսկե արջ» և ՖԻՊՌԵՍՍԻ մրցանակները, ինչպես նաև ճանաչվեց որպես եվրոպական կինոակադեմիայի լավագույն ֆիլմ: