Բավ է պառակտվել
14-12-2018 14:20

Ամերիկացիներն ավարտել են “Չարի հպումը” միստիկ սերիալի նկարահանումները Հայաստանում

Academy Films տեղական պրոդյուսերական ընկերությունը տեղեկացրել է, որ Հայաստանում ավարտվել են ամերիկյան “Չարի հպումը” (Evil Touch) միստիկ սերիալի նկարահանումները։

Հայկական կողմից նախագծի պրոդյուսեր Արամ Թորոսյանի խոսքերով, սերիալի նկարահանման ավարտին արդեն պայմանավորվածություն է ձեռք բերվել 2019 թվականին Հայաստանում նոր ֆիլմեր արտադրելու շուրջ։

Ամերիկյան շուկայի համար նախատեսված միստիկ սերիալը Հայաստանում առաջին անգամ նկարահանվել է Associated Television International խոշոր ամերիկյան պրոդյուսերական ընկերության և ռուսական Blitz Films ֆիլմարտադրող ընկերության համագործակցությամբ։

Ֆիլմի ռեժիսորն է Սերգեյ Սարկիսովը, գլխավոր պրոդյուսերը՝ Դեվիդ Մակկենզին։

“Ֆիլմի նկարահանումները բավականին բարդ էին, բայց ես շատ բավարարված եմ մեր ստացած արդյունքով։ Կարծում եմ, մեզ հաջողվել է նաև ներկայացնել Հայաստանը շահեկան կողմից, ընդգծել դրա դիտարժան վայրերը”, - ասել է Սերգեյ Սարկիսովը։

Նկարահանումները տևել են 36 օր, որոնց մասնակցել են հարյուրավոր մասնագետներ Ռուսաստանից և ԱՄՆ-ից։ Նկարահանումներն իրականացվել են Երևանի Կոնդ թաղամասում, Դաշտադեմի ամրոցում, Օշականում, Աշտարակում, որտեղ ֆիլմի նկարահանումների համար վերանորոգվել է հին բաղնիքի շենքը։

Ըստ սցենարի՝ իրադարձությունները ծավալվում են Հայաստանում․ մի խումբ ամերիկացի ուսանողներ երկրով ճամփորդելիս հայտնվում են մի խուլ գյուղում, որը տարօրինակ և վտանգավոր է թվում նրանց։ Ստիպված լինելով գիշերել այնտեղ՝ հերոսները հասկանում են, որ իրենց երկյուղն ավելի քան հիմնավորված է, քանի որ հենց այդ գյուղում է դարերով բանտարկված եղել “Չար Ոգին”։

Ֆիլմում նկարահանվել են ամերիկացի դերասաններ Ջենիֆեր Վիլը, Ջո Նեեսիվոչիան, Փերի Սթրոնգը, Կարմեն Հոջսոնը, Քրիս Սփարքսը, Մելոնի Գոլդբերգը և Դենիել Կովինը, իսկ հայկական կողմից՝ Ալեքսանդր Խաչատրյանը, Արսեն Գրիգորյանը և այլոք։

Սերիալը կհեռարձակվի CW խոշոր կաբելային հեռուստաալիքով։ Այս նախագիծը հնարավորություն կտա արտասահմանյան կինոարտադրողներին գնահատել Հայաստանի ներուժը, գնային քաղաքականությունը, մասնագետների պատրաստվածության աստիճանը և ծանոթանալ նկարահանումների համար պիտանի բազմազան վայրերին։