Բավ է պառակտվել
07-02-2022 21:40

Հայաստանը կդիմի ՅՈՒՆԵՍԿՕ-ին Ադրբեջանում հայկական եկեղեցիների ալբանացման հարցով աշխատանքային խմբի սռեղծման կապակցությամբ

Հայաստանի կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը մոտ օրերս կդիմի ՅՈՒՆԵՍԿՕ-ին՝ Ադրբեջանում «ալբանական կրոնական տաճարների վերականգնման», ասել է թե՝ հայկական եկեղեցիների ալբանացման աշխատանքային խմբի ստեղծման կապակցությամբ։ Այս մասին հայտնել է գերատեսչության մամլո քարտուղար Գեղամ Մելիքբեկյանը։

«Ամենայն հավանականությամբ, մենք կդիմենք ՅՈՒՆԵՍԿՕ-ին, որպեսզի նրանք դատապարտեն (Ադրբեջանի գործողությունները՝ խմբ.) և միջոցներ ձեռնարկեն»,- ասել է նա։

Նա հաստատել է, որ դիմումում, ի թիվս այլ հարցերի, կմատնանշվի հայկական եկեղեցիներն ավերելու անթույլատրելիությունը։

Հասարակական կազմակերպությունները պահանջում են դիմել ՄԱԿ-ի Միջազգային արդարադատության դատարան

Միևնույն ժամանակ Հայաստանի 25 հասարակական կազմակերպություն հանդես են եկել համատեղ հայտարարությամբ, որում ՀՀ վարչապետից և կառավարությունից, մասնավորապես՝ արտաքին գործերի և կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարություններից պահանջում են հետևյալը.

1. Ադրբեջանի իշխանությունների կողմից հայկական մշակութային ժառանգության վերացմանը միտված գործողությունների մասին ծանուցել ՄԱԿ-ի Միջազգային արդարադատության դատարանին՝ Հայաստանն ընդդեմ Ադրբեջանի գործով կիրառված միջանկյալ միջոցի չկատարման/խախտման վերաբերյալ, անհրաժեշտության դեպքում` լրացուցիչ միջոցների կիրառում պահանջելու և նախատեսվող հանցագործությունները ու հայկական մշակութային ժառանգության անդառնալի կորուստը կանխելու նպատակով:
2. դիմել ՄԱԿ-ի համապատասխան կառույցներին, այդ թվում՝ ՅՈՒՆԵՍԿՕ-ին (այդ թվում՝ գործելով որպես ՅՈՒՆԵՍԿՕ-ի Գլխավոր խորհրդի անդամ) և Մշակութային հարցերով հատուկ զեկուցողին՝ կազմակերպելու այցելություն Արցախ և դիտարկելու ու փաստագրելու հայկական հուշարձանների առկա վիճակը:
Միայն Արցախը վերադարձնելով կլուծվի խնդիրը

ԵՊՀ արևելագիտության ֆակուլտետի իրանագիտության ամբիոնի վարիչ Վարդան Ոսկանյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է, որ Արցախի բռնազավթված տարածքներում հայկական մշակութային հետքը ոչնչացնելու կամ յուրացնելու գործընթացի մասին անթաքույց հայտարարությունը ևս մեկ ցուցիչ է, որ նաև այս խնդիրը կարող է ամբողջությամբ կարգավորվել միայն մեր սրբազան հողի այդ հատվածների վերաազատագրման միջոցով։

«Միամտություն է կարծել, թե միջազգային կամ հայաստանյան ու արցախյան կառույցների կամ առանձին գործիչների հայտարարությունները հետ կպահեն բարբարոսներին հայկական մշակութային հետքը ջնջելու նրանց ծրագրված քաղաքականությունից, որովհետև յուրաքանչյուր հայկական պատմական հուշարձան, պատկերավոր ասած, հայդուկ է, որը կռիվ է տալիս այդ տարածքների հայկական դիմագծի և ինքնության համար՝ ամեն վայրկյան վերահաստատելով դրանց՝ հազարամյակների պատկանելությունը հենց հայկական քաղաքակրթությանը»,- գրել է նա։

Ոսկանյանն ընդգծել է, որ ասվածի վկան և հաստատված նախադեպը Նախիջևանում հայկական մշակութային հետքի գրեթե ամբողջական յուրացումն ու ոչնչացումն է Բաքվի բարբարոս վարչախմբի կողմից՝ չնայած մի շարք հայտարարությունների և բողոքների։
«Եվ հետևաբար մեր երազանքը, տեսլականը և նպատակը պետք է լինի մեկը՝ Արցախը հետ բերենք, որ լավ ապրենք, քանզի մնացյալ ամեն ինչ լոկ թույլ մխիթարություն է այն խորապատկերին, երբ մեր դեմ վարվող նաև մշակութային պատերազմում յուրացվում, պղծվում և ոչնչացվում է այն ամենն, ինչ հայկական է»,- եզրափակել է նա։

Վանդալիզմի դեպքերը և սպառնալիքներն Արցախի ժառանգությանը

Նոյեմբերի 9-ին ռազմական գործողությունների դադարեցման մասին Հայաստանի, Ռուսաստանի և Ադրբեջանի ղեկավարների հայտարարության ստորագրումից հետո հայկական կողմը բազմիցս մտահոգություն է հայտնել Ադրբեջանի վերահսկողության տակ անցնող տարածքներում եկեղեցիների և այլ մշակութային և պատմական հուշարձանների պահպանության կապակցությամբ: Երևանը Ռուսաստանի, ինչպես նաև ՅՈՒՆԵՍԿՕ-ի մասնակցության հույս ունի վանդալիզմի կանխարգելման և քրիստոնեական սրբավայրերի ոչնչացման հարցում: Սակայն ՅՈՒՆԵՍԿՕ-ին մինչ օրս չի հաջողվել ստանալ Ադրբեջանի իշխանությունների համաձայնությունը Արցախի օկուպացվածված տարածքներ այցելելու համար։
Արցախի շուրջ հայտարարության ստորագրումից ընդամենը մի քանի օր անց՝ նոյեմբերի 14-ին, սոցիալական ցանցերում հայտնվեցին Շուշիի Սուրբ Ամենափրկիչ Ղազանչեցոց տաճարի պատերի լուսանկարները, որոնք պատված էին իսլամական գրություններով (հոկտեմբերի 8-ին եկեղեցին երկու անգամ ենթարվեց Ադրբեջանի ԶՈւ հրթիռային և հրետանային հարձակման, տուժեցին խաղաղ բնակիչներ և լրագրողներ)։ Վերջերս հայտնի դարձավ, որ ադրբեջանցիները հանել են Ղազանչեցոց տաճարի գմբեթը, հեռացրել հրեշտակների արձանները ցանկապատից և իբր, ինչ-որ «վերականգնման» աշխատանքներ են կատարում:
Բացի այդ, ցանցում բազմաթիվ տեսանյութեր կան, որոնցում ադրբեջանական համազգեստով մարդիկ քանդում և պղծում են հայկական եկեղեցիները, քանդում խաչքարերը, հուշարձանները, տապանաքարերը: Հիմնովին քանդվել է Մեխակավանի Սուրբ Աստվածամայր եկեղեցին, ավերվել է Շուշիի Սուրբ Հովհաննես Մկրտիչ «Կանաչ ժամ» եկեղեցին:

2020թ․ Արցախում 44-օրյա պատերազմի մասին

Սեպտեմբերի 27-ից նոյեմբերի 9-ը Ադրբեջանի զինված ուժերը Թուրքիայի և վարձկան ահաբեկիչների ներգրավմամբ ագրեսիա են իրականացրել Արցախի դեմ ճակատում և թիկունքում՝ հրթիռահրետանային զենքերի, ծանր զրահամեքենաների, ռազմական ինքնաթիռների և արգելված տեսակի զենքերի (կասետային ռումբեր, ֆոսֆորային զենք) գործադրմամբ։ Հարվածներ են հասցվել նաև քաղաքացիական և ռազմական օբյեկտներին Հայաստանի տարածքում։
2020 թվականի նոյեմբերի 9-ին Ռուսաստանի Դաշնության, Ադրբեջանի և Հայաստանի ղեկավարները ստորագրեցին հայտարարություն Արցախում բոլոր ռազմական գործողությունները դադարեցնելու մասին: Փաստաթղթի համաձայն, կողմերը կանգ են առնում իրենց դիրքերում. Շուշի, Աղդամ, Քելբաջար և Լաչին շրջանները անցնում են Ադրբեջանին, բացառությամբ Ղարաբաղը Հայաստանի հետ կապող 5 կիլոմետրանոց միջանցքի: Ղարաբաղում շփման գծի և Լաչինի միջանցքի երկայնքով տեղակայվում է ռուսական խաղաղապահ զորախումբ։ 2021 թվականի հունվարի 11-ին Ռուսաստանի և Ադրբեջանի նախագահներ Վլադիմիր Պուտինը և Իլհամ Ալիևը և ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը համատեղ հայտարարություն ստորագրեցին տարածաշրջանի զարգացման և հաղորդակցությունների ապաշրջափակման վերաբերյալ։
Ըստ հայկական կողմի վերջին տվյալների, որոնք 2022թ․ հունվարին հրապարակել է ՀՀ քննչական կոմիտեն՝ Արցախում 44-օրյա պատերազմում զոհվել է 3809 մարդ, անհետ կորած է համարվում 220 մարդ (որոնցից 21-ը՝ քաղաքացիական անձ), ադրբեջանական գերությունից վերադարձվել է 141հայ զինծառայող և քաղաքացիական անձ։