Բավ է պառակտվել
18-11-2022 13:46

Հայ հնագետները «Կարմիր բլուր»-ում հայտնաբերել են մ.թ.ա 7-րդ դարի յուրահատուկ կառույց

«Կարմիր բլուր» հնավայրում այս տարի իրականացրած պեղումները չափազանց կարևոր արդյունքներ են գրանցել ոչ միայն Հայաստանի, այլ ամբողջ Մերձավոր Արևելքի հնագիտության ուսումնասիրության համար:«Արմենպրես»-ի հետ զրույցում հայ-ավստրիական արշավախմբի համաղեկավար, «Էրեբունի» թանգարանի տնօրեն Միքայել Բադալյանն ասաց, որ պեղումների արդյունքում մ․թ․ա. 7-րդ դարին պատկանող կառույց է բացվել:

«Սա Ռուսա 2-րդի ժամանակաշրջանն է: Առնվազն 17 մետրը 50 մետրի վրա մոնումենտալ կառույց է բացվում իր ենթակառուցվածքներով: Իհարկե, մենք դեռ մի հատվածն ենք պեղել, որի արդյունքում սալահատակներով, մոնումենտալ պատերով, 11 կլոր սյան խարիսխ է բացվել»,-ասաց նա:

Բադալյանը պատմեց, որ հնագետները ֆիքսել են նաև հրդեհի հետքեր, այրված շերտ սալահատակի վրա, որոնք արդեն ավելի ուշ փուլերին են վերաբերվում:

«Մենք այս պեղավայրից ունենք նաև միջնադարյան խեցեղենից մի քանի բեկորներ և ամենայն հավանականությամբ կյանքն այստեղ շարունակվել է նաև միջնադարյան ժամանկաշրջանում»,-ասաց արշավախմբի համաղեկավարը:

Նա նշեց, որ ավստրիացի գործընկերներն աշխատում էին Թեյշեբաինի ամրոցից հարավ ընկած հատվածում, հայկական կողմը` ամրոցի մուտքից հարավ-արևելք ընկած հատվածում: «Ավստրիական խումբը պեղել է մի շարք հնագիտական հետուրարտական ժամանակաշրջանի շերտեր, ինչը փաստում է, որ կյանքը Կարմիր բլուրում շարունակվել է նաև Երվանդունիների ու Աքեմենյանների ժամանակ:
«Տարածքից հայտնաբերված մի քանի փոքրիկ, այրված ոսկորների բեկորներից նմուշներ ենթարկվելու են անալիզի ավստրիացի գործընկերների ուժերով»,-ասաց Բադալյանը՝ հավելելով, որ «Կարմիր բլուրում» պեղումները կշարունակվեն նաև հաջորդ տարի:

«Մենք հույս ունենք ամբողջապես պեղել այս մոնումենտալ համալիրը, այնուհետև ամրակայել և դարձնել հուշարձանի մաս: Կարծում եմ սա շատ գրավիչ կլինի, քանի որ մենք խոսում ենք շուկայի կամ քարավանատան մասին: Հաջորդ տարի պեղումները ցույց կտան, թե կոնկրետ որ կառույցի մասին է խոսքը, սակայն, այն ինչ մենք բացում ենք, իր ճարտարապետական հատակագծով հիշեցնում է հայկական քարավանատների ճարտարապետական հատակագիծը»,- հավելեց Միքայել Բադալյանը:

Սեպտեմբերի 24-ից «Կարմիր բլուրում» մեկնարկած պեղումները կավարտվեն նոյեմբերի 19-ին: