Բավ է պառակտվել
23-09-2019 16:07

Այս թատերաշրջանում Պետական կամերային երաժշտական թատրոնը պրեմերիաների պակաս չի զգալու

  

«Անուշ» ներկայացմամբ մեկնարկեց Պետական կամերային երաժշտական թատրոնի նոր՝ 31-րդ թատերաշրջանը։ 1 գործողությամբ դրամայի բեմադրիչն է ՀՀ Վաստակավոր արտիստ Դավիթ Հակոբյանը, երաժշտության հեղինակ՝ ՀՀ Մշակույթի վաստակավոր գործիչ Սեդրակ Երկանյանը։ Անուշի դերում հանդես է գալիս Անահիտ Կիրակոսյանը, իսկ Սարոյի դերում Հայկ Պետրոսյանը։ Անուշը առաջին անգամ բեմադրվել է 2007 –ին։ Անուշին մարմնավորած դերասանուհի Անահիտ Կիրակոսյանը պատմեց, որ առաջարկ ստացել է դեռ ընդունելության քննություններին պատրաստվելիս: «Դավիթ Հակոբյանն ասաց, որ ինձ համար դեր ունի: Շատ ուրախացա: Ասացի՝ ինչ դեր, ուզում է մոմի լինի՝ կկատարեմ: Ինձ տարավ թատրոն: Մի ամբողջ կայացած դերասանական կազմ կար այնտեղ»,- պատմում է Անահիտը:

Դավիթ Հակոբյանը իր նոր «Անուշը» բեմադրության դերասանական կազմն էր հավաքել: «Բոլորին դերեր բաժանելուց հետո ասաց, որ Անուշի դերը կատարելու է իր կողքին կանգնած աղջնակը՝ ես: Ապշել էի»,- ասաց Անահիտը: Այդ դերում Անահիտին ընտրելը հետագայում թատրոնի ղեկավարը պարզաբանեց. «Ասաց, որ իրեն պետք էր անփորձ մի դերասանուհի: Եթե դերասանուհին փորձված լիներ, նա կհասկանար դերի լրջությունը եւ հնարավոր է՝ լավ չստացվեր: Ասաց. «Դու այն ժամանակ իրոք մի տասնվեցամյա Անուշ էիր»,- հիշում է Անահիտը:
Սակայն որոշակի ժամանակ ներկայացումը չեն խաղում ,ու այս տարի այն վերականգնվում է։ Բոլորը պատկերացնում են, որ «Անուշ» -ը կարող է լինել միայն օպերային բեմադրություն, սակայն Թումանյանի ստեղծագործությունը ներկայացված էր հենց թումանյանական ոճով ։ Ներկայացման դեկորները կարծես թե գործող անձիք լինեին։ Իսկ հատուկ ներկայացման համար գրված Սեդրակ Երկանյանի երաժշտությունը հանդիսատեսին տանում էր դեպի Անուշի ժամանակաշրջան։ Դերասանական հրաշալի խաղի շնորհիվ էլ նորովի էր բացահայտվում թումանյանական հանճարը։
«Թվում էր թե այս անզուգական պոեմի էլ ոչ մի բեմադրությունը չի զարմացնի... Զարմացրեց, հուզեց, սրտիս աշխատանքը խելագառ ռիթմով դարձրեց...

Անսպասելի լուծումներ, համոզելու հստակ երանգներ, կենդանի դեկորացիա, կարծես մի դերակատար էլ իրենք լինեին... հրաշք և Մոսին, և Սարոն, և արցունքներիս հերոսուհի Անուշը... Արտակարգ բեմադրությունով ու հիասքանչ դերասանական խաղ»,– նման գրառում էր արել հաղորդավար Զառա Արամյանը։ Նման գրառումների պակաս չկար Կամերային երաժշտական թատրոնի ՖԲ –էջում։ Թատրոնի տնօրեն Հռիփսիմե Առաքելյանն Gisher.news-ի հետ զրույցում ասաց, որ այս թատերաշրջանում հանդիսատեսին շատ են զարմացնելու իրենց յուրահատուկ խաղացանկով ու պրեմերիաների պակաս չեն զգալու։
Իսկ ահա հոկտեմբերի վերջին հանդիսատեսին դատին կհնաձնեն՝ ֆրանսահայ ռեժիսոր Ժիրայր Բաբազյանի «Ննջասենյակային զավեշտ» ներկայացում, բեմադրած անգլիացի ժամանակակից դրամատուրգ Ալան Էկբորնի պիեսի հիման վրա։

 

Արմինե Գևորգյան