Բավ է պառակտվել
12-11-2021 10:58

Ադրբեջանը դիտավորյալ ոչնչացնում է հայկական կոթողները․ միջազգային հանրությունը պետք է կանխի դա․ Միրզոյան

Նոյեմբերի 11-ին Հայաստանի արտգործնախարար Արարատ Միրզոյանը Փարիզում հանդիպում է ունեցել ՅՈՒՆԵՍԿՕ-ի Գլխավոր տնօրեն Օդրի Ազուլեի հետ։ Այս մասին հայտնում է Հայաստանի արտաքին գերատեսչության մամլո ծառայությունը։

Հանդիպման ընթացքում անդրադարձ է կատարվել ադրբեջանական վերահսկողության տակ անցած տարածքներում հայկական պատմամշակութային և կրոնական ժառանգության պաշտպանության խնդրին։

Միրզոյանը շեշտել է, որ համամարդկային մշակութային ժառանգության մասը կազմող Արցախի հայկական պատմամշակութային կոթողների՝ Ադրբեջանի կողմից դիտավորյալ ոչնչացման և ինքնության խեղաթյուրման պայմաններում միջազգային հանրության կողմից կանխարգելիչ քայլերի իրականացումը ուղղակի հրամայական է։ Այս համատեքստում ՀՀ ԱԳ նախարարը ընդգծել է ՅՈՒՆԵՍԿՕ-ի ակտիվ ներգրավվածության, մասնավորապես՝ «Զինված ընդհարման դեպքում մշակութային արժեքների պաշտպանության մասին» 1954 թվականի Հաագայի կոնվենցիայի շրջանակներում տարածաշրջան անկախ գնահատման առաքելություն ուղարկելու Գլխավոր տնօրենի առաջարկի իրականացման կարևորությունը։

Վանդալիզմի դեպքերը և սպառնալիքներն Արցախի ժառանգությանը

Նոյեմբերի 9-ին ռազմական գործողությունների դադարեցման մասին Հայաստանի, Ռուսաստանի և Ադրբեջանի ղեկավարների հայտարարության ստորագրումից հետո հայկական կողմը բազմիցս մտահոգություն է հայտնել Ադրբեջանի վերահսկողության տակ անցնող տարածքներում եկեղեցիների և այլ մշակութային և պատմական հուշարձանների պահպանության կապակցությամբ: Երևանը Ռուսաստանի, ինչպես նաև ՅՈՒՆԵՍԿՕ-ի մասնակցության հույս ունի վանդալիզմի կանխարգելման և քրիստոնեական սրբավայրերի ոչնչացման հարցում: Սակայն ՅՈՒՆԵՍԿՕ-ին մինչ օրս չի հաջողվել ստանալ Ադրբեջանի իշխանությունների համաձայնությունը Արցախի օկուպացվածված տարածքներ այցելելու համար։

Արցախի շուրջ հայտարարության ստորագրումից ընդամենը մի քանի օր անց՝ նոյեմբերի 14-ին, սոցիալական ցանցերում հայտնվեցին Շուշիի Սուրբ Ամենափրկիչ Ղազանչեցոց տաճարի պատերի լուսանկարները, որոնք պատված էին իսլամական գրություններով (հոկտեմբերի 8-ին եկեղեցին երկու անգամ ենթարվեց Ադրբեջանի ԶՈւ հրթիռային և հրետանային հարձակման, տուժեցին խաղաղ բնակիչներ և լրագրողներ)։ Վերջերս հայտնի դարձավ, որ ադրբեջանցիները հանել են Ղազանչեցոց տաճարի գմբեթը, հեռացրել հրեշտակների արձանները ցանկապատից և իբր, ինչ-որ «վերականգնման» աշխատանքներ են կատարում:
Բացի այդ, ցանցում բազմաթիվ տեսանյութեր կան, որոնցում ադրբեջանական համազգեստով մարդիկ քանդում և պղծում են հայկական եկեղեցիները, քանդում խաչքարերը, հուշարձանները, տապանաքարերը: Հիմնովին քանդվել է Մեխակավանի Սուրբ Աստվածամայր եկեղեցին, ավերվել է Շուշիի Սուրբ Հովհաննես Մկրտիչ «Կանաչ ժամ» եկեղեցին: