Բավ է պառակտվել
08-07-2014 17:40

Երևանում բացվեց Մովսես Գորգիսյանի կիսանդրին

Ազգային հերոս, Արցախյան ազատամարտի առաջամարտիկներից Մովսես Գորգիսյանի անունով անվանվեց Շենգավիթ վարչական շրջանի այգիներից մեկը, որտեղ այսօր նաև բացվեց հերոսի կիսանդրին: Կիսանդրու բացումը միասին իրականացրին Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանն ու Մովսես Գորգիսյանի կինը՝ Ռուզաննա Գորգիսյանը:

Նա լրագրողների հետ զրույցում նշեց, որ բացված հուշակոթողը անկախության և ազատության խորհրդանիշ է:

«Սա հերթական հուշակոթողներից մեկն է, որ ի պատիվ ու ի հիշատակ Մովսեսի տեղադրվում է, բայց այսօր այս կոթողը ավելի շատ սթափության կոչ է անում, որպեսզի մենք ամենքս մեկ անգամ ևս արժևորենք ու գնահատենք մեր հայոց անկախ պետականությունը: Ես կարծում եմ, որ սա պատմական ու քաղաքական ժառանգություն է՝ ի խոնարհում 1988թ-ի ազգային-ազատագրական շարժման զարթոնքի և պայքարի, ինքնորոշման ու հաղթանակի: Կարծում եմ, որ այս հուշակոթողին յուրաքանչյուր մարդ պետք է սրտի տրոփյունով մոտենա և իր ծաղիկը դնելուց առաջ գիտակցի, որ իր խոնարհումը պետք է բերի ոչ միայն ազգային հերոս Մովսես Գորգիսյանին, այլ նաև բոլոր այն հայորդիներին, ովքեր պայքարել են անկախության և պետականության վերականգման համար»,-ասաց նա և վերհիշեց հերոսի՝ պատգամ դարձած խոսքերը՝ «Ազգին ծառայելով է որոշվում ազգությունը»:

Նշենք, որ Մովսես Գորգիսյանի կիսանդրու քանդակագործն է Հայկ Թոքմաջյանը: