Բավ է պառակտվել
14-01-2021 14:06

Բաքուն թույլ չի տալիս ՅՈՒՆԵՍԿՕ-ի փորձագետների մուտքն Արցախ. Գարեգին Բ-ն խոսել է Ադրբեջանի կողմից սպառնալիքի մասին

Ադրբեջաջանի վերահսկողության տակ անցած Լեռնային Ղարաբաղի տարածքում գտնվող եկեղեցիներն ու պատմական հուշարձանները սպառնալիքի տակ են, «Իզվեստիա»-ին տված հարցազրույցում ասել է Ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին Բ-ն: Նրա խոսքով՝ Բաքուն հրաժարվում է թույլ տալ ՅՈՒՆԵՍԿՕ-ի փորձագետների մուտքը Արցախ, որպեսզի նրանք անձամբ կարողանան գնահատել պատմամշակութային ժառանգության շուրջ ստեղծված վիճակը: Միևնույն ժամանակ, նշել է Հայ Առաքելական եկեղեցու առաջնորդը, ռուս խաղաղապահները գործադրում են բոլոր ջանքերըպատմամշակութային հուշարձանների անվտանգությունն ապահովելու համար:

Գարեգին Երկրորդը շնորհակալություն է հայտնել Վլադիմիր Պուտինին տարածաշրջանում պատերազմը դադարեցնելու գործում անձնական ներդրման համար:

Հայ Առաքելական եկեղեցում ստեղծվել է հատուկ բաժին, որի խնդիրն է վերահսկել միջազգային նշանակության հուշարձանների պահպանությունը, ասել է «Իզվեստիային» Գարեգին Բ-ն: Նրա խոսքով ՝ հոգևորականները դիմել են հոգևոր առաջնորդներին, միջազգային մշակութային կազմակերպություններին ու կառույցներին, ինչպես նաև ՅՈՒՆԵՍԿՕ-ին: Սակայն, հավելել է նա, Բաքվի կողմից վերահսկվող տարածքներում ՅՈՒՆԵՍԿՕ-ի դիտորդներ ընդունելու առաջարկն աջակցություն չի գտել Ադրբեջանի կողմից: Հայ Առաքելական եկեղեցու առաջնորդը հույս է հայտնել, որ Եվրոպայում անվտանգության և համագործակցության կազմակերպության Մինսկի խմբի համանախագահների, այդ թվում՝ Ռուսաստանի ջանքերով հնարավոր կլինի անհապաղ քայլեր ձեռնարկել հուշարձանների պահպանության ուղղությամբ: «Իզվեստիան» հարցում է ուղարկել Ադրբեջանի Պաշտպանության նախարարություն և ՅՈՒՆԵՍԿՕ՝ պարզելու միջազգային փորձագետների կողմից պատմամշակութային ժառանգության օբյեկտները ստուգելու հետ կապված իրավիճակը:

Ռազմական գործողությունների ընթացքում կրոնական օբյեկտները մեկ անգամ չէ, որ ենթարկվել են գնդակոծության: Այսպես, հրթիռակոծվել է Շուշի քաղաքի Սուրբ Ամենափրկիչ Ղազանչեցոց եկեղեցին։ Այս բնակավայրին հասցված հարվածներից մեկի արդյունքում վիրավորում են ստացել ռուս լրագրողներ Լևոն Արզանովը և Յուրի Կոտենոկը:

Ըստ Հայ Առաքելական եկեղեցու առաջնորդի, հուշարձանների և հոգևոր սրբավայրերի պահպանման գործում նշանակալի դերակատարում ունեն ռուս խաղաղապահներն, ովքեր դրա համար գործադրում են բոլոր ջանքերը: Ամենայն Հայոց Կաթողիկոսը երախտագիտություն է հայտնել Ռուսաստանի Դաշնության նախագահին պատերազմի ավարտի և դրանից հետո ծագած խնդիրները կարգավորելու գործում անձնական ներդրման համար: Լեռնային Ղարաբաղի բնակիչներին հուզող խնդիրների թվում առաջնորդը նշել է տարածաշրջանի կարգավիճակը, ռազմագերիների վերադարձի ժամկետները և սահմանների սահմանազատումը: Դեռևս անցած տարվա դեկտեմբերին փորձագիտական ​​համայնքը քննարկել է հայկական հուշարձաններին վերաբերող հարցեր: Այս մասին «Իզվեստիա»-ին հայտնել է Ռուսաստանի Դաշնության նախագահին առընթեր Ազգային տնտեսության և պետական ​​կառավարման ռուսական ակադեմիայի Հյուսիս-Արևմուտքի ինստիտուտի կառավարման և սոցիալական տեխնոլոգիաների ամբիոնի վարիչ Իննա Վետրենկոն: Մտահոգություններ են հնչել, որ կրոնական և մշակութային տարբերությունների պատճառով որոշ մարդիկ կարող են չհասկանալ այդ հուշարձանների նշանակությունը:

- Ադրբեջանի և Լեռնային Ղարաբաղի տարածքում կան համաշխարհային նշանակության շատ հայկական օբյեկտներ: Եվ միակ միջազգային կառույցը, որը կարող էր վերահսկել հուշարձանների պահպանությունը ՅՈՒՆԵՍԿՕ-ն է, - ասել է Իննա Վետրենկոն: - Եվ հիմա, երբ Ադրբեջանը դիրքորոշում ընդունեց՝ արգելել փորձագետների մուտքը Ղարաբաղ, սա էլ ավելի է մտահոգում: Եվ ոչ միայն հայկական կողմին: Այս իրավիճակում Մոսկվան կարող է նպաստել իրավիճակի կարգավորմանը, քանի որ Ռուսաստանը բանակցություններում խաղում է արբիտրի դեր: Մեր երկիրը կարող էր ստանձնել այս առաքելությունը. լոբբինգ իրականացնել ՅՈՒՆԵՍԿՕ-ի դիտորդներին ներս թողնելու որոշման համար և հայկական կողմի հետ երկխոսության մեջ մտնել, նրանց որոշակի երաշխիքներ տալ:

Ավելի վաղ ադրբեջանցի քաղաքական գործիչներն, այդ թվում ՝ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը, բազմիցս հայտարարել են, որ Լեռնային Ղարաբաղի տարածքում գտնվող տաճարները հայերին չեն պատկանում: Բաքվի պաշտոնական վարկածի համաձայն դրանք ուդիների համայնքի՝ Ադրբեջանի մի քանի շրջաններում բնակվող կովկասցի ալբանացիների հետնորդների կրոնական կառույցներն են: Հայկական կողմն իր հերթին վիճարկում է այդ նկրտումները: