Բավ է պառակտվել
22-10-2016 12:14

Բրեդ Փիթը դատի չի տալու Ջոլիին երեխաների հանդեպ խնամակալության համար

Երկու օր առաջ ՀԴԲ-ի գործակալները հարցաքննել են Ջոլիին ու երեխաներին՝ Փիթի և Մեդոքսի միջև տեղի ունեցած միջադեպի մանրամասների մասին։ Մեդոքսն ինքը ներկա չի եղել Փիթի ու երեխաների հանդիպմանը, որը առաջինն էր Ջոլիի ապահարզան պահանջելուց հետո։ Տղան հրաժարվել էր հանդիպել Փիթի հետ։ Բայց երեկ ուշ երեկոյան հայտնի դարձավ, որ Բրեդի ու 15-ամյա Մեդդոքսի հանդիպումը կայացել է։ Թե ինչի մասին են խոսել հայր ու որդի՝ անհայտ է, բայց հայտնի են որոշ այլ բաներ։

Այդ հանդիպումից անմիջապես հետո Փիթը իր ներկայացուցիչների միջոցով հայտնել էր, որ ինքը չի ուզում երեխաների հանդեպ խնամակալության հարցը դատարանի միջոցով լուծել։ Դերասանը հրաժարվել է պատասխան հայց տալ այն բանից հետո, երբ Էնջին հայտարարել է, որ միանձնյա խնամակալություն է պահանջում երեխաների հանդեպ։ Ըստ ժամանակավոր համաձայնության՝ Բրեդը կարող է իր ժառանգներին տեսնել միայն հանգստյան օրերին ՝ բժշկի ներկայությամբ։ Դերասանը կարող է բողոքարկել այդ որոշումը՝ տալով պատասխան հայց, ու համատեղ խնամակալություն պահանջել, բայց նախընտրել է չանել դա։ Դերասանին մոտ կանգնած աղբյուրը լրագրողներին հայտնել է, որ նա անհանգստանում է երեխաների հոգեկան ու ֆիզիկական առողջության համար.

«Փիթը հրաժարվում է դատի տալ, քանի որ համարում է, որ դա կարող է ծանր ապրումներ պատճառել երեխաներին։ Բրեդը հույս ունի, որ ինքն ու Անջելինան կկարողանան համաձայնության գալ առանց փաստաբանների օգնության»։ Ինչ վերաբերում է այդ հարցում Ջոլիի դիրքորոշմանը, ապա ինսայդերները վստահեցնում են, որ նա նույնպես չի ուզում վիճել նախկին ամուսնու հետ, քանի որ նրա համար առաջնայինը որդիների ու դուստրերի երջանկությունն է։