Բավ է պառակտվել
24-08-2016 13:08

Comedy Club-ը Երևանում` հայկական շեշտադրությամբ և խուլիգանական մանրապատումով

Նախօրեին Երևանում տեղի ունեցավ հանրաճանաչ Comedy Club–ի առաջին և երկար սպասված համերգը: Ելույթն անցավ հայկական հզոր շեշտադրությամբ և ներառեց խուլիգանական մանրապատում, որը, ռեզիդենտների խոսքերով, արգելված է ցուցադրել հեռուստատեսությամբ:

Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրի բեմում ելույթ ունեցավ Comedy Club-ի առաջատար կազմը` Գարիկ Մարտիրոսյանը, Գարիկ Խառլամովը, Տիմուր Բատրուդինովը, Դեմիս Կարիբիդիսը, Դմիտրի Լյուսյոկ Սոռոկինը, Անդրեյ Սկոռոխոդը, USB խումբը և ռուսական հեռուստաեթերի լավագույն կատակերգական շոուի մի շարք այլ ռեզիդենտներ:


Հայկական շեշտադրությունն արտահայտվեց նրանում, որ համերգը սկսվեց 40 րոպե ուշացումով: Ակումբի ռեզիդենտ Գարիկ Մարտիրոսյանը ներողություն խնդրեց, սակայն, պատճառաբանեց դա նրանով, որ արտիստները սպասում էին մինչ հանդիսատեսը կզբաղեցներ իր տեղը, ով եկել էր իրեն ցույց տալու և ուրիշներին նայելու։

«Առաջին համերգը Երևանում մեզ համար մեծ տոն է: Ներեցեք, որ ուշ սկսեցինք, սակայն խոստանում ենք ժամանակին ավարտել: Քանի որ այսօր լինելու են շատ պրեմիերաներ, խնդրում ենք չլուսանկարել և չտեսագրել, քանի որ ցանկանում ենք, որպեսզի մեր հեռուստադիտողը տեսնի պրեմիերաները ТНТ-ով, այլ ոչ թե ձեր Facebook-ներում և Instagram-ներում», - ասաց Մարտիրոսյանը:

Հարկ է նշել, որ ռեզիդենտները զարմացրեցին հանդիսատեսին ոչ միայն պրեմիերաներով, որոնք բուռն արձագանքի արժանացան, այլև` հայերեն նախադասություններով և արտահայտություններով, որ հասցրել էին սովորել մի քանի օրվա ընթացքում: Ակումբի ռեզիդենտների կարծիքով, Հայաստանում ամենակարևոր նախադասություններից են «Առաջացե՛ք» և «Տոկոսով փող տո՛ւր» արտահայտությունները։

Ռեզիդենտները հայ հանդիսատեսին առաջարկեցին ավարտել համերգը մի մանրապատումով, որը Խառլամովը որակավորեց որպես խուլիգանական: «Քանի որ առաջին անգամ ենք Երևանում, ցանկանում ենք խուլիգանական համար ներկայացրել։ Խնդրում ենք երեխաներին դուրս բերել դահլիճից: Իսկ եթե երեխաներ դեռ չկան, ապա անպայման կլինեն այս մանրապատումը նայելուց հետո», - հավաստիացրեց Խառլամովը: